Հունվարի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին կրկին հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը գործողություններ է իրականացնելու Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում: Փոխանցում է թուրքական «Ա Հաբեր» հեռուստաընկերության կայքը:
«Այդ գործողությունը արվելու է: Ինչպես ասել է մեր նախագահը: Սակայն դրա ժամկետների կազմակերպումը ամբողջությամբ կապված է գործողության շրջանակների հետ: Հետևաբար, այդ շրջանակներում անհրաժեշտ քայլերն իրականացվում են: Սիրիայի հյուսիսում ահաբեկչական գոյությունը կվերացվի: Այլ ելք չկա դրան», — հայտարարել է Ջանիքլին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին Աֆրին շրջանում գործողություններ չսկսել: Նոյերթը նաև հայտարարել է, որ քրդերի դեմ պայքարելու փոխարեն, ավելի լավ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարեն: Սակայն Ջանիքլին նշում է, որ ԻՊ-ն փաստացիրորեն ոչնչացված է և «դա անիմաստ հայտարարություն է»:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ իրենք քայլերը փորձում են համապատասխանեցնել նաև Սիրիայում ներկայություն ունեցող այլ ուժերի հետ և այդ հարցով անընդհատ բանակցությունների մեջ են գտնվում:
Նշենք, որ թուրքական իշխանությունները վերջին շրջանում շարունակ սպառնում են, որ գործողություններ են իրականացնելու Աֆրինում քրդական ուժերի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև YPG-ի դեմ: Միևնույն ժամանակ, Թուրքիան մեծաքանակ զինտեխնիկա ու զորքեր է կուտակում թուրք-սիրիական սահմաին: