Թուրքիայում պահանջում են ցմահ ազատազրկել «հին գվարդիայի» վերջին գեներալներին

Անկարայի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում ընթացող դատավարության շրջանակներում թուրքական դատախազությունը 1998 թ. փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցած բարձրաստիճան զինվորականներից 60-ի, այդ թվում նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի համար պահանջում է ցմահ ազատազրկում: Ըստ թուրքական «Ֆյունյա Բյուլթենի» լրատվակայքի՝ մեղադրող կողմը 103 կասկածյալից 37-ի համար էլ պահանջում է արդարացնող որոշում:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ նախկին պետ, բանակի գեներալ Իսմայիլ Հաքքը Քարադայը և ԳՇ պետի տեղակալ, բանակի գեներալ Չևիք Բիրը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ նախկին պետ, բանակի գեներալ Իսմայիլ Հաքքը Քարադայը և ԳՇ պետի տեղակալ, բանակի գեներալ Չևիք Բիրը

Փետրվարի 28-ի հեղաշրջման գործով դատավարությունը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին: Գործով անցնում է 103 զինվորական: Դատավարությունն անցկացվում է Անկարայի ծանր հանցագործողությունները քննող 13-րդ դատարանում։

Հիմնական մեղադրյալը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստի բանակի գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն է, որի համար մեղադրող կողմը ի սկզբանե պահանջում էր առավելագույն պատիժ, այն է` ցմահ ազատազրկում:

Ռազմական հեղաշրջումները Թուրքիայում և «հեղաշրջողների վերջը».

Թուրքիայի Հանրապետության գոյության ընթացքում զինվորականները 4 անգամ ռազմական հեղաշրջում և միջամտություն են իրականացրել՝

1960 թ. մայիս՝ առաջին զինված ռազմական հեղաշրջումը. Հեղաշրջումից հետո նախ որոշակի ժամանակով իշխանության եկան զինվորականները, ապա փոփոխվեց սահմանադրությունը, որը քաղաքական լծակներ տվեց զինվորականներին: Հեղաշրջումն առանձնանում էր նրանով, որ այն իրականացրեց միջին սպայական կազմը:

1971 թ. մարտ՝ իրականացվում է «հուշագրային հեղաշրջում: Բանակի վերնախավը առանց ուղղակի զինված միջամտության հասնում է կառավարության հրաժարականին:

1980 թ., սեպտեմբեր՝ այս անգամ ևս հեղաշրջումն իրականացրեց բանակի հրամկազմը: Ի տաբերություն 1971 թ.՝ եղավ անմիջական զինված միջամտություն, ինչի արդյունքում մինչև 1983 թ. լիիրավ իշխանություն անցավ զինվորականներին: Նույն թվականին ընդունված 3-րդ սահմանադրությամբ բանակը ստացավ բավականին լուրջ լծակներ: Դրանցից մեկը ԱԱԽ-ում բանակի ներկայացուցիչների փաստացի մեծամասնության սահմանումն էր:

1998 թ. փետրվարի 28՝ բանակը անմիջական ռազմական միջամտության չդիմեց, բայց ԱԱԽ-ում ունեցած դիրքերի շնորհիվ կարողացավ ճնշում գործադրել իսլամամետ «Ռեֆահ» (Բարօրություն) կուսակցության վրա՝ հասնելով կառավարության հրաժարականին և հետագայում նաև կուսակցության որոշ անդամների բանտարկությանը: Դրանց թվում էր նաև նույն կուսկացության անդամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ներկայում՝ Թուրքիայի նախագահ:

Թուրքիայում ձերբակալված բարձրաստիճան զինվորականները մինչև 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձը.

2002 թ. Թուրքիայում իշխանության եկավ «արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ ԱԶԿ: 2003 թ. վարչապետ դարձավ կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ էրդողանը: ԱԶԿ կառավարման ընթացքում օրենսդրական դաշտում իրականացվեցին մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում Էրդողանի թիմը հնարավորություն ստացավ դատական հետապնդում սկսել 1980 և 1998 թ. ռազմական հեղաշրջումների ղեկավարների դեմ:

Այս տեսանկյունից հանգուցային էր 2010 թ․ սահմանադրական փոփոխությունը։ Բանակին վերաբերող մասով փոփոխությունների հիմքում դրվեցին 2 հիմնական կետ՝

  • Սեպտեմբերի 12-ի հեղաշրջման պատասխանատուների անձեռնմխելիությունն ապահովող 15-րդ «ժամանակավոր հոդվածը» հանվում է գործածությունից,
  • Զինվորական դատարանների իրավասությունների շրջանակները նեղացվում են․ Ոչ ռազմական հանցագործությունների համար զինվորականները պետք է դատվեն քաղաքացիական դատարաններում:

Ընդամենը երկու տարի անց` 2012-ի ապրիլի 12-ին քրեական գործ է հարուցվում 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչ, Թուրքիայի նախկին նախագահ և ԶՈւ ԳՇ պետ Քենան Էվրենի և ՌՕՈւ նախկին հրամանատար Թահսին Շահինքայայի նկատմամբ: Նույն օրը Թուրքիայում 4-րդ՝ 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվում է 32 սպա:

2016 թ. հուլիսին բանակի հրամկազմի մի մասը վերջին անգամ փորձում է միջամտել Էրդողանի քաղաքականությանը և «վերականգնել իր դիրքերը», սակայն պայքարն ավարտվում է Էրդողանի հաղթանակով:

Ներկայում «հին գործերին» զուգահեռ ընթանում են 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի գործով դատավարությունները, որի շրջանակներում արդեն իսկ հազարավոր զինվորականներ հեռացվել են զինուժից, նրանց մեծ մասը անցնում են դատական գործերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *