Թուրքիայում և Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի ավիահարվածներից սպանվել է PKK-ի 27 զինյալ. Anadolu

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Բիթլիս, Հաքքարի և Շրնաք նահանգներում, ինչպես նաև Իրաքի հյուսիսային շրջաններում: Ըստ թուրքական կողմի՝ ավիահարվածների արդյունքում «սպանվել է PKK-ի 27 զինյալ»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

PKK-ի զինյալներից 2-ը «վնասազերծվել են» Բիթլիսում, 4-ը Շրնաքում, 11-ը Իրաքի հյուսիում: Եվս 10 զինյալ սպանվել է Հաքքարի նահանգում, որտեղ PKK-ի մարտիկների կոորդինատները ճշտվել են տեղական արտադրության հետախուզական ԱԹՍ-ի միջոցով:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քուրդ զինյալների Իրաքի հյուսիսում, քանի որ այնտեղ են տեղակայված քրդական կառույցի հիմնական ճամբարներն ու բազաները: Ավիահարվածներից զատ, 2017 թ. հոկտեմբերին Թուրքիան Իրաքի հյուսիսային հատվածներ նաև ցամաքային ստորաբաժանումներ էր մտցրել:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *