Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ներկայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Սիրիայի տարածքի 5 տոկոսից ոչ ավելին:
Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները
«Ներկայում ԻՊ-ն վերահսկում է ոչ ավելին քան 5 տոկոսը, մինչև Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությունների սկիզբը, ԻՊ-ն վերահսկում էր Սիրիայի տարածքի 70 տոկոսից ավելին», – նշել է Շոյգուն:
ՌԴ ՊՆ ղեկավարը նաև հայտնել է, որ ՌԴ օդուժի 2 տարվա գործողությունների արդյունքում Սիրիայում ոչնչացվել է «Իսլամական պետության» 948 ճամբար, զենքի արտադրության 666 պահեստ, մոտ 15000 զինտեխնիկա, իսլամիստ զինյալներից ազատագրվել է 998 քաղաք և բնակավայրեր, զինյալների մեծ մասը սպանվել է:
Շոյգուն նաև հայտարարել է, որ օդուժի հարվածների արդյունքում զինյալները զրկվել են նավթային պաշարների գլխավոր կենտրոններից, որոնք էլ նրանց ֆինանսավորման հիմնական աղբյուրն էին հանդիսանում Սիրիայում:
Նշենք, որ ներկայում Սիրիայի կառավարական բանակը մարտեր է մղում իսլամիստ զինյալների դեմ հիմնականում Դեր Զոր նահանգում, որի մեծ մասն արդեն ազատագրված է:
Ռուսաստանն իր ավիախումբը տեղակայել էր Սիրիայում դեռևս 2015-ի սեպտեմբերից: ՌԴ ավիացիան մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով՝ Սիրիայի բանակին: