Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին այցելել է երկրի հարավային Հաթայ նահանգի Յայլադաղ գավառ և ստուգումներ է անցկացրել թուրք-սիրիական սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներում:
Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը:
Millî Savunma Bakanı Nurettin Canikli Hatay'ın Yayladağ sınırında incelemelerde bulunarak, 3'üncü Hudut Tabur Komutanlığı'nı ziyaret etti. pic.twitter.com/jBCQOek4Lc
— Savunma Bakanlığı (@tcsavunma) October 23, 2017
Հաթայ նահանգ այցի ընթացքում Ջանիքլին նաև այցելել է ցամաքային զորքերի սահմանապահ 3-րդ բրիգադի հրամանատարություն: Պաշտպանության նախարարին ուղեկցել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Սիրիայի Իդլիբ նահանգում զորքեր տեղակայելու հետ կապված վերջին շրջանում Թուրքիայի զինուժը մեծ թվով զինտեխնիկա և զինծառայողներ է տեղափոխել Հաթայ նահանգ, սահմանային ստորաբաժանումներում համալրումները գրեթե ամեն օր են իրականացվում:
Նշենք, որ Հաթայ նահանգը անմիջապես սահմանակից է ինչպես Իդլիբ նահանգին, այնպես էլ Աֆրին շրջանին, որը ներկայում վերահսկում են քրդական ուժերը:
Հոկտեմբերի 12-ին Թուրքիան, հետախուզական գործողությունից հետո, զորքեր է մտցրել Իդլիբ, որոնք տեղակայվել են Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով: Բացի այդ Թուրքիայի զինուժի և նրանց աջակցող զինյալ խմբավորումների վերահսկության ներքո է գտնվում Ջերաբլուսից Ազեզ ընկած հատվածը, որը թուրքական զինուժը գրավել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից 2016-ի օգոստոս – 2017-ի մարտ ամիսներին իրականացված «Եփրատի վահան» գործողության ընթացքում:
Միևնույն ժամանակ, թուրքական կողմը ամենաբարձր մակարդակներով մշտապես հայտարարում է, որ հնարավոր է նոր գործողություններ սկսի Սիրիայի հյուսիսում՝ մասնավորապես Աֆրինում և Մանբիջում, Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ պայքարելու նպատակով: