Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոհրդարանական խմբակցության նախագահ Մուսթաֆա Էլիթաշը հայտարարել է, որ երկրում «արտակարգ դրությունը» հերթական անգամ կերկարաձգի ևս 3 ամսով: Փոխանցում է թուրքական CNN Turk հեռուստաընկերության կայքը:
Էլիթաշը հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին այս հարցը քննարկվելու է նախ երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: ԱԱԽ-ից ստացված առաջարկը դիտարկվելու է նախարարների խորհուրդի նիստում և համապատասխան որոշումը ուղարկվելու է Թուրքիայի խորհրդարան՝ հաստատման համար:
Հիշեցնենք, որ «արտակարգ դրությունը» Թուրքիայում վերջին անգամ երկարաձգվել է այս տարվա հուլիսի 17-ին: Այն շարունակելու էր գործել առնվազն մինչև 2017-ի հոկտեմբերի վերջ, սակայն հերթական անգամ երկարաձգվելու դեպքում դրա ժամկետը կհասնի մինչև 2018-ի հունվար:
Թուրքիայում «արտակարգ դրությունը» հայտարարվել է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ 2016-ի հուլիսի 20-ին: Հուլիսի 20-ից հետո «արտակարգ դրությունը» Թուրքիայում երկարաձգվել է 4 անգամ՝ 2016-ի սեպտեմբերին, 2017-ի հունվարին, ապրիլին և հուլիսին:
Արտակարգ իրավիճակի պայմաններում կառավարությունը նախագահի գլխավորությամբ ընդունում է հրամանագրեր, որոնք օրենքի ուժ ունեն։ Հրամանագրերը ներկայացվում են խորհրդարանի հաստատմանը։ Այնուհետև անմիջապես հրապարակվում են Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (Resmi Gazete) և ուժի մեջ մտնում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո սկսվել են հետապնդումներն ու ճնշումները զինված ուժերի, ինչպես նաև այլ կարևոր կառույցների, մամուլի ներկայացուցիչների և այլոց նկատմամբ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով ներկայում բնակվում է Միացյալ Նահանգներում: