Ադրբեջանական Zerkalo.az պարբերականը հարցազրույց է վերցրել «Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Յաշար Ջաֆարլիից։
Անդրադառնալով ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) երրորդ փուլի բարեփոխումներին՝ նա առանձնացրել է հետևյալ առաջնահերթ խնդիրները.
- ԱԳԳԾ-ն իրականացվել է երկու ուղղությամբ՝ Ադրբեջանի ներբանակային բարեփոխումներ և համագործակցություն այլ կառույցների հետ, մասնավորապես՝ խաղաղապահ գործունեություն։ ԱԳԳԾ-ի հերթական փուլը մոտենում է ավարտին, բայց բոլոր բարեփոխումները թղթի վրա են։ Ըստ Ջաֆարլիի այս տեսակետը կիսում է թե´ Ադրբեջանի հասարակությունը, թե´ ՆԱՏՕ-ն, թե´ դժգոհող սպայական կազմը։
- Մի պաշտոնից մյուսին բազմաթիվ զինվորականների անկանոն տեղափոխելիս ոմանց զրկել են կոչումներից և բարձր աշխատավարձից։
- ԶՈՒ բոլոր զորամիավորումների, օրինակ՝ ցամաքային զորքերի հրամանատարությունն այս տարիների ընթացքում այդպես էլ չի ձևավորվել։
- Պաշտպանության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի քաղաքացիական անձ։ 20 տարվա ընթացքում նույնիսկ օրինագծեր չեն մշակվել՝ ԶՈՒ-ում քաղաքացիական վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։
- ԳՇ-ի ու ՊՆ-ի պարտականությունները և իրավասությունները տարանջատված չեն։
- Սովետական ռազմական դպրոց անցած գեներալների ու բանակային կորպուսների հրամանատարների երկարատև (12-18 տարի) պաշտոնավարումը կասեցնում է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտենալու գործընթացը։
- Այս կամ կամ այն նպատակին ծառայող ռազմական բյուջեի ծախսերը թափանցիկ չեն հասարակության համար, պատգամավորների զգալի մասն անգամ տեղյակ չէ՝ որտեղ և ինչպես են վատնում 2013-ի 3,7 մլրդ դոլար բյուջեն։
- Բանակի համար նախատեսված գումարի աճի հետ մեկտեղ աճում է կոռուպցիան։ Բարձրաստիճան զինվորականները շահագրգռված չեն դրա դեմ պայքարել, հակառակը՝ այն, որ խորհրդարանն իրավասու չէ վերահսկել ԶՈՒ-ն, հրամանատարական կազմին թույլ է տալիս բանակը դարձնել էլ ավելի փակ կառույց և տնօրինել այն սեփական օրենքներով։
- ՊՆ-ն ոչ միայն չի համագործակցում քաղաքացիների, ՀԿ-ների, ռազմական փորձագետների, ԶԼՄ-ների հետ, այլև դատական հայցեր է ներկայացնում նրանց դեմ։ Օրինակ՝ “Yeni Musavat” թերթի դեմ մեղադրանքները և «ԶՈՒ ժողովրդավարական քաղաքացիական վերահսկում» կենտրոնի տնօրեն Ալեկփեր Մամեդովի հալածանքները, որոնց պատճառով նա հարկադրված լքեց երկիրը։
- Ոչ մարտական զոհերի թիվն աճում է, որի հիմնական պատճառը հրամանատարական կազմի անտարբերությունն է և պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի երկարատև պաշտոնավարումը։
- Զինվորականները բնակարաններով ապահովված չեն։ Չնայած 2011-ի դեկտեմբերի 28-ի նախագահական հրամանագրով սահմանված էր սպաների համար բնակարաններ կառուցել, մեր տվյալների համաձայն՝ ոչինչ չի արվել։ Ընդհանուր առմամբ՝ միայն 136-ին են բնակարան տվել, մինչդեռ կացարանի խնդիր ունի ավելի քան 10,000 զինծառայող, իսկ եթե դրան գումարենք պահեստազորի սպաներին, ստացվում է՝ 30-40,000 մարդ։
- Զինվորականների սոցիալական իրավունքների պաշտպանության համար պետք է գործի հատուկ պետական ծրագիր, ինչը տարիներ շարունակ չի արվում կառավարության կողմից։
Ամփոփելով փոխգնդապետն այնուհանդերձ նշել է որոշ դրական տեղաշարժերի մասին՝ մասամբ լուծվել է պարենի և հագուստի խնդիրը, սահմանապահ և ներքին զորքերում բարեփոխումներ կան, բարձրացվել է սպաների աշխատավարձը։