Amnesty International-ը կոչ է անում Թուրքիային ականազերծում սկսել

Մայիսի 24-ին Ստամբուլում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թուրքական մասնաճյուղի կազմակերպած քննարկման մասնակիցները Թուրքիայի իշխանություններին կոչ արեցին որքան հնարավոր է շուտ սկսել ականազերծման աշխատանքները։

Կազմակերպության ներկայացուցիչ Մերալ Չըլդրը շեշտեց, որ եթե Թուրքիան խաղաղություն է ցանկանում, ապա ականապատված տարածքները պետք է մաքրվեն և օգտագործվեն գյուղատնտեսական նպատակներով։

Քննարկման ընթացքում նշվել է, որ ներկայումս Թուրքիայի տարածքում տեղադրված է 1,003,943 ական, որից 900,000-ը՝ սահմանամերձ շրջաններում, 2004-2012թթ. ականների պայթյունից զոհվել է 1050 զինվորական ու քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 622 զինվորական և 112 քաղաքացիական անձ։

Ականազերծման աշխատանքներ Թուրքիա սահմանամերձ Այնթափ շրջանում

Ականազերծման աշխատանքներ Թուրքիայի սահմանամերձ Այնթափ շրջանում

Համաձայն Hurriyet պարբերականի՝ Թուրքիան մտադիր էր 2014թ. սկսել իր արևելյան սահմանամերձ շրջանների ականազերծումը, իսկ մյուս սահմանային գոտիները ծրագրված էր ականազերծել 2015-2022-ին։ Սակայն ըստ Օտտավայի՝ հակահետևակային ականների արգելման կոնվենցիայի, որին Թուրքիան միացել է 2004թ., վերջինս պարտավորվում է մինչև 2014թ. մարտի 1-ը վնասազերծել իր տարածքում բոլոր ականներն ու չպայթած զինամթերքը (ՉԶ)։ 2013թ. ապրիլին թուրքական մամուլը հայտնեց, որ կառավարությունը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ին՝ ականազերծման ժամկետը ևս 8 տարով հետաձգելու նպատակով։

Նշենք, որ Amnesty International–ի՝ Թուրքիային վերաբերող դեռևս 2010թ. զեկույցում անդրադարձ կար ականների խնդրին։ Շեշտվում էր, որ Թուրքիայի խորհրդարանի՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում հայտնաբերված 600,000 ականները մաքրելու մասին օրինագիծը ոչ մի կերպ չի ազդել ականների սպառնալիքի նվազեցման վրա, իսկ ականապատված մյուս բոլոր շրջանների խնդիրը մնում է չլուծված։

Թուրքիայի խորհրդարանում ականազերծման խնդիրը թեժ քննարկումների առիթ էր դարձել 2009-ին: Իշխող «Արդարություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները ցանկանում էին ընդունել մի օրինագիծ՝ համաձայն որի ականազերծում իրականացնող կազմակերպությունն իրավունք է ստանում վարձակալել ականազերծված տարածքն իր աշխատանքի դիմաց պահանջվող գումարին համապատասխան վարձավճարի չափով: Այս առաջարկը պատճառաբանում էր այնպես, որ ականազերծումը բարդ, ժականակատար և, ամենակարևորը, ծախսատար գործընթաց է, ինչը շահեկան չէ անել պետական գումարներով: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (CHP) պնդում էր, որ պետությունն ինքը պիտի հոգա ականազերծման ծախսերը, իսկ ականներից մաքրված տարածքները կարող են հանձնվել տեղաբնակներին և շահագործվեն գյուղատնտեսական նպատակներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *