Թուրքիայի նախագահի դեմ մահափորձի գործով 34 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել

Հոկտեմբերի 4-ին Մուղլայի ծանր հանցագործողությունների 2-րդ դատարանում կայացվել է 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվողների դատավճիռը: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Դատարանի որոշմամբ՝ մահափորձի համար մեղադրվող 47 հոգուց 34-ը քառակի ծանրացված ցմահ ազատազրկման են դատապարտվել: Ցմահ ազատազրկվածների թվում են նաև նախկին գեներալ-մայոր Գյոքհան Շահին Սյոնմեզաթեշը, նախկին մայոր Շյուքրու Սեյմանը, ավագ սերժանտ Զեքերյա Քուզուն: Էրդողանի նախկին թիկնապահներից Ալի Յազըջըն դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:

Մեղադրյալներից մեկն արդարացվել է, իսկ 3 հոգու, այդ թվում նաև հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող Ֆեթուլլա Գյուլենի, դատական գործն էլ որոշվել է առանձնացնել մահափորձի հիմնական գործից:

Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ 37 հոգուց բաղկացած խումբը փորձել էր հարձակվել Մուղլայի Մարմարիս գավառում գտնվող հյուրանոցներից մեկի վրա, որտեղ հեղաշրջման փորձի գիշերը հանգստանում էր Թուրքիայի նախագահը, սակայն դիմադրության հանդիպելով փախել էին: Զինված բախումների ժամանակ սպանվել էր 2 ոստիկան:

2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 150-ից ավել գեներալ և ընդհանուր 20000-23000 զինծառայող, որից 16 հազարը՝ ռազմական դպրոցների կուրսանտներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *