Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԻՆ փրկարարները մասնակցել են Մոլդովայում անցկացվող MOLDEX-2017 միջազգային լայնամասշտաբ դաշտային վարժանքներին: Երեք տեղամասերում անցկացված վարժանքներից երկուսում ներգրավված են եղել նաև հայկական թիմերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Սցենարի համաձայն՝ առաջին տեղամասում մասնակի և ամբողջովին փլուզվել էր 4 բնակելի շինություն: Բացի հայկական թիմից՝ այստեղ ներգրավված են եղել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Մոլդովայի թիմերը: Փլուզումներից զատ եղել էին նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ, տուժածներ են հայտնաբերվել բարձրավոլտ սյուների վրա:
Ընդհանուր առմամբ՝ եղել էր պայմանական 24 «տուժած» և 16 «զոհ»: Վարժանքի այս տեղամասում հայաստանցի փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փլատակների քանդում-կտրում, պարանային ամրակապման աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում:
Երկրորդ տեղամասում, սցենարի համաձայն, գինու գործարանում պայթյուն էր եղել, արձանագրվել էր ամոնիակի արտահոսք: Այստեղ ներգրավված են եղել Հայաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի, Չեխիայի, Բելառուսի և Ուկրաինայի թիմերը: Հետախուզության ընթացքում գործարանի տարածքում հայտնաբերվել էին ընդհանուր 7 տոննա զանգվածով տարբեր քիմիական նյութեր: Այս տեղամասում հայկական թիմն իրականացրել է իրավիճակի հետախուզում, արտահոսքերի հայտնաբերում և օգնություն ցուցաբերել 17 «տուժածի»:
Զորավարժությունը, ինչպես նախկինում հայտնել էր ԱԻՆ կայքը անցկացվում է սեպտեմբերի 18-21-ը: Մասնակցում է 9 երկիր, այդ թվում նաև Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը:
ՀՀ ԱԻՆ 26 հոգանոց պատվիրակության կազմում են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:
Վարժանքն անցկացվում է Եվրամիություն «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի շրջանակում: