Ռազմական շաբաթվա ամփոփում` Հայաստան. մարտի 18–24

Հայաստանում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը, Եվրախորհրդի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հետ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետները Հայաստանում են, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով զինվոր է վիրավորվել, մարտի 24-ը Կարո Քահքեջյանի՝ Սպիտակ Արջի, ծննդյան օրն է։

1. Մարտի 20-ին աշխատանքային այցով ՀՀ-ում էր ՌԴ պաշտպանության նախարարի օգնական գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին և ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Քննարկվել են պաշտպանական բնագավառի համագործակցության օրակարգի խնդիրներ և ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի գործունեությանն ու տեղակայմանն առնչվող մի շարք հարցեր։ Պատվիրակությունն նաև այցելել է 102-րդ ռազմաբազան։

2. Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽ-ի անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին: Քննարկվել են ԵԽ առջև ՀՀ ստանձնած պարտավորությունների՝ ՊՆ իրավասությանը վերաբերող խնդիրներն ու դրանց կատարման ընթացքը: Մասնավորապես` պատվիրակության անդամներին ներկայացվել են ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հանդիպմանը ներկայացվել են նաև էթիկայի, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, թրաֆիքինգի, այլընտրանքային ծառայության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները:

3. Մարտի 18-22-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներին օժանդակող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Խումբը հանդիպել է անձնակազմի կառավարման ոլոտի բարեփոխումների համար պատասխանատու ՀՀ պաշտպանության համակարգի աշխատանքային խմբի հետ, ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի ուսանողների հետ: Այցն ավարտվել է փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմամբ:

4. Մարտի 22-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը, մարտական դիրքում, նախնական տվյալներով, զենքի հետ անզգուշորեն վարվելու հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում) վիրավորվել է գլխի շրջանում և տեղափոխվել Ագարակի հիվանդանոց: 1985թ. ծնված Սարգիս Արմենի Կարապետյանի վիճակը մնում է կայուն ծանր։

5. Մարտի 24-ին «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանը (Սպիտակ Արջ) կդառնար 51 տարեկան: Նա ծնվել է Սիրիայում և Հայաստան է եկել 1988 թ Սպիտակի երկրաշարժից հետո: Մասնակցել է Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի պաշտպանական մարտերին: Զոհվել է 1993 թ հունիսի 26-ին Մարտակերտի շրջանի Մաղաուզ գյուղի կռվում: Թաղված է Եռաբլուրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *