Ռազմական շաբաթվա ամփոփում` Ադրբեջան. մարտի 18–24

Անցյալ շաբաթ. Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, գեներալ-մայորի կոչում է շնորհվել Սաբիր Նագիևին, Ուկրայինայի ռազմական բուհերը պատրաստ են ընդունել կուրսանտներ Ադրբեջանից, Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել են, նույն օրն էլ՝ ազատ արձակել։

1. Մարտի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Ադրբեջանում իր պաշտոնակից Սաֆար Աբիևի հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է ռազմական ոլորտում երկկողմանի համագործակցության ծրագիրը՝ մեկ տարի ժամկետով: Ալասանիան հանդիպել է նաև Ադրբեջանի ռազարդյունաբերության նախարար Յավար Ջամալովի հետ: Կողմերը որոշել են ստեղծել փորձագիտական խումբ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Ալասանիան հույս է հայտնել, որ Կարս-Ախալքալաք երկաթուղու աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ և ՆԱՏՕ-ի շրջանակներում վրաց-ադրբեջանական համագործակցությունն առավել կսերտանա:

Համաձայն ադրբեջանական կայքերի՝ Ալասանիան նշել է՝ Վրաստանը պաշտպանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», սակայն վրացական աղբյուրները տեղեկացնում են, որ նա ընդամենը տարածաշրջանի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել:

Հիշեցնենք, որ Ալասանիան օրեր առաջ պաշտոնական այցով Երևանում էր:

2. Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը հրաման է ստորագրել՝ գեներալ-մայորի կոչում շնորհելով Սաբիր Նագի օղլու Նագիևին: Մեզ առայժմ չհաջողվեց Սաբիևի մասին որևէ լրացուցիչ տեղեկություններ գտնել:

3. Ուկրաինայի պաշտպանության նախարար. երկրի ռազմական ԲՈՒՀ-երը պատրաստ են ընդունել կուրսանտներ Ադրբեջանից

Մարտի 19-ին Կիևում կայացել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևի և երկրում Ադրբեջանի դեսպան Էյնուլլա Մադաթլիի պաշտոնական հանդիպումը: Օրակարգում էին ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցերը: Մադաթլիին տեղեկացնելով Ուկրաինայի ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման մեծ հնարավորությունների մասին՝ Լեբեդևը շեշտեց, որ ուկրաինական ռազմական բուհերը պատրաստ են ընդունել Ադրբեջանի ԶՈՒ սպաների ու սերժանտների:

4. Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը հայտնել է լրատվամիջոցներին, որ մարտի 19-ին իրեն փողոցում մոտեցել են չորս դիմակավոր անձինք ու բերման ենթարկել ՆԳՆ՝ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչություն: Գազիևին բացատրել են, որ ձերբակալության պատճառը ոստիկանությանը չենթարկվելն է: Ադրբեջանի ՆԳՆ-ից սակայն տեղեկացրել են, որ իրենք այս դեպքի հետ առնչություն չունեն:

Նույն օրն ազատ արձակված Գազիևն ասել է, որ անհանգստանում է իր ընտանիքի անվտանգության համար՝ ձերբակալության պատճառ համարելով օրեր առաջ Իլհամ Ալիևին ուղղված բաց նամակի հրապարակումը: Նամակում քննադատության է ենթարկվում Ալիևի քաղաքականությունը՝ մասնավորապես ազատ խոսքի իրավունքի ոտնահարումը և ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերի նկատմամբ անտարբերությունը: Հիշեցնենք նաև, որ Գազիևը, պաշտոնավարելով 1992-1993 թթ., մեղադրվել է Շուշին «հայերին հանձնելու» ու նույնիսկ դատապարտվել մահապատժի «ռազմական հանցագործության» համար: 2005-ին նրան համաներում է շնորհվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *