Օգոստոսի 2-ին Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի ընթացքում որոշվել է Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի 4 գեներալի, 2 ծովակալի և 61 գնդապետի կոչում բարձրացնել մեկ աստիճանով: Այս մասին հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (Resmi Gazete):
Թուրքիայի ցամաքային զորքերի՝ Հաքքարի նահանգում տեղակայված 3-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Մեթին Թոքելին տրվել է գերենալ-լեյտենանտի կոչում:
Ռազմաօդային ուժերի ուսումնական հրամանատարության պետ, գեներալ-գնդապետ Աթիլլա Գյուլանը ստացել է բանակի-գեներալի կոչում, հրամանատարության ևս մեկ գեներալ-լեյտենանտ ստացել է գեներալ-գնդապետի, ևս մեկ գեներալ-մայոր՝ գեներալ-լեյտենանտի կոչում:
Նշենք, որ բանակի գեներալի կոչում ստացած Աթիլլա Գյուլանը նշանակվել է ՌՕՈւ մարտավարական օդուժի հրամանատարության և հակահրթիռային պաշտպանության ուժերի պետ:
Ռազմածովային ուժերի ռազմական ակադեմիայի հրամանատար Թայար Էրթեմին և ՌԾՈւ Միջերկրական ծովի շրջանի և կայազորի հրամանատար Քադիր Յըլդըզին տրվել է դերծովակալի կոչում:
Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի՝ օգոստոսի 2-ի նիստի որոշմամբ փոփոխվել են Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները:
Այս տարի անցկացված խորհրդի նիստի անդամների մեջ մեծամասնություն են կազմել քաղաքացիականները՝ կառավարության անդամների մի մասը: