Հայաստանը և Իրանը ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ դրա կերտողներ. Սերժ Սարգսյան

Հայաստանի և Իրանի գործակցությունը միտված է միմիայն կայուն և խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը: Երկու երկրները ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իրանական «Շարղ» օրաթերթի հետ հարցազրույցի ժամանակ:

«Հայաստանն ու Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն և անհանգիստ տարածաշրջանների հարևանությամբ. որոշ երկրներում մոլեգնում են ահաբեկիչների վայրագությունները, այդ պետությունների ամբողջական հատվածներ գտնվում են այնպիսի ծայրահեղական կառույցների վերահսկողության տակ, ինչպիսին է տխրահռչակ «Իսլամական պետությունը»», — նշել է նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև այս կառույցի կողմից Թեհրանում իրականացրած ահաբեկչական հարձակումները և նշել, որ այս պայմաններում կարևոր է համատեղել միջազգային հանրության ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում:

Ծայրահեղականության տարածման և դրա դեմ համատեղ պայքարի մասին հարցին նախագահը պատասխանել է, որ միջազգային հանրությունը պետք է թույլ չտա, որ ահաբեկչական խմբերը հիմնավորվեն իրենց տարածքներում.

«Զուգահեռաբար պետք է զարգացնել նաև միջպետական համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, սպառնալիքների կանխման ուղղությամբ և ցուցաբերել համատեղ կամք և վճռականություն՝ ահաբեկչության չարիքի դեմ պայքարի գործում»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար միջազգային հանրությունը պետք է կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները.

«Ցավալի է, սակայն մեր տարածաշրջանի որոշ երկրներ, տուրք տալով այսրոպեական ինչ-որ կասկածելի շահերի, համագործակցության են գնում ահաբեկիչների հետ, նրանց ապաստան տրամադրում, ցուցաբերում բազմապիսի աջակցություն: Նմանօրինակ վարքի նկատմամբ պետք է դրսևորվի համընդհանուր անհանդուրժողականություն»:

Նախագահի հարցազրույցի ամբողջական թարգմանությունը կարող եք կարդալ Panorama.am լրատվակայքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *