Իրանի բանակի 47-րդ նավախումբը կայանել է Օմանում

Իրանի բանակի ռազմածովային ուժերի 47-րդ նավախումբը, որը հունիսի 11-ից հերթապահություն էր իրականացնում միջազգային ջրերում, կայանել է Օմանի Սալալահ նավահանգստում։ Այս մասին օգոստոսի 1-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

47-րդ նավախմբի հրամանատարի խոսքերով՝ հերթապահության 52 օրերի ընթացքում նավախումբը հետևել և ուղեկցել է 1715 առևտրական նավի և 314 ռազմանավի։

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Իրանի բանակի 47-րդ նավախմբում հերթապահում են «Ալբորզ» հրթիռային նավը և «Բուշեհր»  թիկունքային ապահովման նավը:

Նավախումբը հերթապահության էր ուղարկվել միջազգային ջրերում բանակի ՌԾՈւ 46-րդ նավախմբի առաքելության ավարտից հետո։

Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և  առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։

2008 թվականից ի վեր միջազգային ջրերում հերթապահություն իրականացնելիս Իրանի նավախմբերը 250-ից ավելի բախում են ունեցել ծովահենների հետ:

Ապրիլին Իրանը միջազգային ջրերում հերթապահության էր ուղարկել «Լավան» ռազմանավից և «Սաբալան» թիկունքային ապահովման նավից բաղկացած Իրանի ՌԾՈւ 46-րդ նավատորմը։

Իսկ ավելի վաղ՝ 2016-ի հոկտեմբերին, Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբին հաջողվել էր Ադենի ծովածոցում  հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները: Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է  2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։ Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբի կազմում էր «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *