ՆԱՏՕ-ն գնահատում է ՀՀ ԶՈւ զինվորական դաշտային հոսպիտալը և ինժեներասակրավորային դասակը

Հուլիսի 11-ից 13-ը խաղաղապահ գործողությունների սցենարով մշակված եռօրյա զորավարժություն է անցկացվել ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում: Զորավարժությանը ներգրավված էին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի և ռազմաբժշկական ծառայության շուրջ 500 զինծառայողներ, 60 միավոր ռազմական և և բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ:Այս մասին հայտնի է դարձել «ՀՀ ՊՆ Զինուժ» հաղորդաշարի հուլիսի 15-ի թողարկումից:

Վարժանքների ընթացքում պայմանական ծանր վիրավորները տարհանվել են ուղղաթիռներով

Վարժանքների ընթացքում պայմանական ծանր վիրավորները տարհանվել են ուղղաթիռներով

Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներով առաջին մակարդակի գնահատմամբ կայացած գործողությունների շրջանակում բացազատվել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալը:

Ըստ սցենարի՝ բացազատած զինվորական հոսպիտալի աջակցությամբ իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, իրականացվել են ուղղաթիռային տարհանումներ և այլ միջոցառումներ:

Զորավարժության հրամանատարը հայտնել է, որ 72 ժամվա ընթացքում գնահատվում է 450 առանձին էլեմենտ:

Վարժանքները հնարավորինս մոտեցված են եղել պատերազմական իրավիճակին, իսկ անձնակազմի առջև դրված խնդիրը եղել է սահմանված ժամանակում հստակ և օպերատիվ կատարել հանձնարարությունները:

Զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈւ շարժական դաշտային հոսպիտալը որպես ռազմաբժշկական ինքնուրույն միավոր օպերատիվ կարևորությունների հայեցակրգի շրջանակում առաջին անգամ է գնահատվել դաշինքի գնահատող խմբի կողմից: Զորավարժության ամփոփիչ գնահատականը կտրվի 2 ամիս անց:

Որակավորման քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում ռազմական բժիշկները ևս կներգրավվեն կոալիցիոն ուժերի կողմից աշխարհի հակամարտ գոտիներում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելություններին:

«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացված այս վարժանքների ընթացքում խաղարկվել են բազմաթիվ պայմանական իրավիճակներ, դրանցից մեկով՝ կոալիցիոն ուժերի վերահսկողության գոտում մահապարտը պայթեցրել էր իրեն ամրացված պայթուցիկը, ինչի հետևանքով 32 մարդ տարբեր ծանրության վիրավորումներ էին ստացել:

Առաջին բուժօգնությունից հետո վիրավորները տեղափոխվել են դաշտային շարժական հոսպիտալ, անհապաղ կատարվել է վիրավորների տեսակավորում, կազմակերպվել է անհրաժեշտ բուժօգնություն՝ ըստ վիրավորների վիճակի ծանրության։ Ծայրահեղ 2 ծանր երկու վիրավորները անմիջապես ուղղաթիռներով տարհանվել են մասնագիտացված բուժհաստատություններ:

Զորավարժության ընթացքում դաշինքի չափանիշներով օպերատիվ կարողությունների առաջին մակարդակի ինքնագնահատում է անցել նաև ինժեներասակրավորային առանձին խաղաղապահ գումարտակի դասակներից մեկը։ Զինծառայողները ներգրավվել են տեղանքների, տրանսպորտային միջոցների՝ սցենարով խաղարկվող ականազերծման գործողություններում։

Զորավարժությունն առաջին անգամ զորավարժարանի փոխարեն անցկացվել է կենտրոնին հարակից բնակավայրերի տարածքում, բացի այդ, սցենարի շրջանակում անվճար բուժօգնություն և խորհրդատվություն է տրամադրվել տեղի բնակչությանը։

72-ժամյա զորավարժության բոլոր փուլերը վերահսկել է ՆԱՏՕ-ի գնահատող խումբը։ Հայաստանցի ռազմական բժիշկների գործողություններին հետևել են նաև խորհրդատուի կարգավիճակով հանդես եկող ԱՄՆ Քանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *