Լևոն Մնացականյանը ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացրել է 2016-ի ապրիլից հետո կատարված աշխատանքները

Հուլիսի 12-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների: Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը անդրադարձել է ապրիլյան պատերազմին և դրան հաջորդած աշխատանքներին: Այս մասին հայտնում է  ArtsakhPress գործակալությունը:

Բանակի հրամանատարը անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան գործողություններին և դրանք որակել է Ադրբեջանի ձեռնարկած զանգվածային հարձակում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գործողության մեջ դրված հատուկ նշանակության ուժերը, մեծ քանակությամբ զրահատանկային ստորաբաժանումները, համազարկային, հրթիռային և հրետանային միջոցները, արդի տեխնոլոգիաներ պարունակող զինատեսակներն ու ընտրված հարվածային ուղղությունները:

Այնուհետև Լևոն Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները:

ՊԲ հրամանատարը պատասխանել է առաջնագծում ինժեներական կահավորմանը, մարտական հերթապահությունն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, բանակում կիրառվող նորարարություններին, տեսադիտարկման համակարգերի հնարավորություններին ու արդյունավետությանը վերաբերող հարցերին:

Մնացականյանն առաջնագծում ներկայում տիրող իրադրությունը որակել է որպես կայուն վերահսկվող և նշել, որ Պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին և պատրաստ է, իրավիճակից ելնելով, ձեռնարկել նաև հարձակողական գործողություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *