Հուլիսի 5-ին իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ավիաշինական ընկերությունը հնդկական Dynamatic Technologies (DTL) և Elcom Systems ընկերությունների հետ ստորագրել է Հնդկաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրության, հավաքման և սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու պայմանագիր: Այս մասին հայտնում է իսրայելական ընկերության կայքը:
Պաայմանագիրը ստորագրվել է նախնական 25 տարի ժամկետով: ԱԹՍ-ներն արտադրվելու են Հնդկաստանի կառավարության պատվերով և մատակարարվելու այդ երկրի զինուժին:
Նման համաձայնության կողմերը հասել են հուլիսի 5-ին Հնդկաստանի վարչապետի՝ Իսրայել կատարած այցի շրջանակներում:
Ավելացնենք, որ իսրայելական այս ընկերությունը Հնդկաստանի հետ սերտ համագործակցություն ունի: 2017 թ. մայիսին Հնդկաստանի պետական Bharat Electronics Limited (BEL) և իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունները ստորագրել են Հնդկաստանի նավատորմի համար հրթիռային համակարգերի համատեղ կառուցման շուրջ 630 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր:
Ավելացնենք, որ IAI-ն ԱԹՍ-ներ մատակարարել է նաև Ադրբեջանին: Ընկերության արտադրած ԱԹՍ-ներից առավել տարածվածներն են՝
- Heron ընտանիքի հետախուզական ԱԹՍ-ներ,
- Harpy-Harop ընտանիքի մահապարտ ԱԹՍ-ներ:
Այդ երկրում ևս գործում է իսրայելական ԱԹՍ-ների հավաքման գործարան, սակայն դա արդեն իսրայելական մեկ այլ՝ Aeronautics Defense Systems ընկերության հետ համատեղ ձեռնարկություն է: