ՀՀ զինված ուժերում անցկացված վարժանքների թեման եղել են զորամասը մարտական պատրաստականության լրիվ աստիճանի բերումը, հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը, նպաստավոր բնագծի գրավումը և պաշտպանական մարտի վարումը:
Վարժանքները իրականացվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի բազայի վրա՝ 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն: Զորավարժությունը ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը:
Զորավարժության մտահաղացմամբ՝ պայմանական հակառակորդը զորավարժությունների քողի տակ վերախմբավորվել է, այնուհետև հիմնական հարվածային ուժերը դուրս է բերել օպերատիվ նշանակության շրջաններ և սկսել հարձակողական գործողություններ իրականացնել:
Հակառակորդի ակտիվության վերաբերյալ տեղեկություններ ստանալով՝ հայկական ուժերը զորամիավորման հրամանատարի որոշմամբ բերվել են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի: Մարտական տագնապով զորամասն իրականացրել է վերախմբավորում և առաջինը դիմել հարձակման:
Հակառակորդը մարտի մեջ է մտցրել իր օպերատիվ պահեստային ուժերը և կասեցրել է հարձակումը: Սակայն ռեզերվների բացակայության պատճառով փորձել է ամրանալ զբաղեցրած բնագծում:
Զորավարժության մասնակից զորամասի հրամանատարը կորպուսի հրամանատարից ստացել է մարտական կարգադրություն, այնուհետև կայացրել է որոշում, զեկուցել է զորամիավորման հրամանատարին, որից հետո իրականացրել է տեղազննում, առաջադրել խնդիրներ:
Սահմանված ժամին զորամիավորման հրամանատարը ունկնդրել է գումարտակների հրամանատարների որոշումները, որից հետո կազմակերպվել է փոխհամագործակցությունը:
Համաձայն կայացրած որոշման՝ ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները՝ պաշտպանական մարտի վարման պատրաստականությամբ, և դիմակայել են հակառակորդի պահեստային ուժերի հակագրոհներին: Հայտարարվել է մասնակի դադար:
Բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը և զորավարժության շտաբի պետը վերլուծել են արդյունքները, նշվել են դեռևս առկա բացթողումները, գիտելիքները, տարբեր մարտեր վարելու ունակությունները, և տվել են մշտական տեղակայման վայր վերադարձի վերջնական ցուցումներ:
Անցկացված զորավարժությանն ընդգրկվել են զորամասի վարչակազմը, գումարտակների, դիվիզիոնի շտաբների, ստորաբաժանման հրամանատարներ և ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև ենթակա մյուս առանձին ստորաբաժանումների շտաբները: