Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկած զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքների շրջանակներում անցկացվել են մարտավարական և մարտավարամասնագիտական հավաքներ: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի մայիսի 6-ի թողարկումից:
Հրամանատարներին ներկայացվել են հավանական մարտական իրավիճակներ, որոնց վերաբերյալ պետք էր կայացնել համապատասխան որոշումներ, ձևակերպել մարտի մտահաղացումը: Այնուհետև, ինչպես նշել է հավաքների մասնակից սպաներից մեկը, վերադաս հրամանատարությունից անհատական մարտական առաջադրանքներ ստանալուց հետո հրամանատարները քարտեզների վրա նշել են և զեկուցել են, թե ստացած մարտական առաջադրանքը ինչպես են պատկերացնում:
Մարտական առաջադրանքները վերաբերել են թե՛ պաշտպանությանը, թե՛ հարձակմանը:
Հրամանատարական հավաքը ուղեկցվել է նաև գործնական դասաժամերով: Անցկացվել են ստուգողական պարապմունքներ զորատեսակների համար նախատեսված հրաձգության վարժություններից, նորմատիվներով ստուգվել է սպաների կրակային պատրաստության աստիճանը: