ՆԱՏՕ-ն կշարունակի ֆինանսական միջոցներ տրամադրել Աֆղանստանի անվտանգության ուժերին: Այս մասին որոշվել է մայիսի 2-ին կայացած Աֆղանստանի ազգային բանակի հիմնադրամի ղեկավարների հանդիպման ժամանակ:
Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կայքը:
Հանդիպմանը քննարկվել են նաև 2016-17 թվականների հիմնադրամի հաջողությունները, 2018 թվականին նախատեսված անելիքները, ինչպես նաև Աֆղանստանում դոնոր կազմակերպությունների համակարգումը և աուդիտային կարգավորումները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Աֆղանստանի ազգային բանակի հիմնադրամը Աֆղանստանի անվտանգության ուշերին և հարակից հաստատություններին տրամադրվող միջազգային ֆինանսական օգնության 3 հիմնադրամներից մեկն է և հիմնվել է 2007 թվականին:
Հիմնադրամը զբաղվում է ՆԱՏՕ-ի կողմից հիմնված Անվտանգության աջակցության միջազգային ուժերի միջոցով Աֆղանստանին տրամադրված սարքավորումների տեղափոխման և գործարկման, ինչպես նաև Աֆղանստանի բանակի ինժիներական նախագծերի համար նոր սարքավորումների ձեռքբերմամբ: Հիմնադրամը զբաղվում է նաև կրթական ծրագրերով:
Հիմնադրամին հանգանակություններ են կատարել նաև Ադրբեջանը և Վրաստանը, մասնավորապես՝ 2016-ին՝ մինչև հունիսի վերջ, երկրները փոխանցել են համապատասխանաբար 1,611,000 և 1,000,000 ԱՄՆ դոլար:
Երկրորդ հիմնադրամը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ստեղծված Աֆղանստանի օրհենքի և կարգի հիմնադրամն է, որը զբաղվում է Աֆղանստանի ոստիկանության և արդարադատության ոլորտի ծառայողների ֆինանսական հարցերով:
Երրորդ հիմնադրամը Միացյալ նահանգների Աֆղանստանի անվտանգության ուժերի հիմնադրամն է, որը հիմնվել է ԱՄՆ-Աֆղանստան երկկողմանի համաձայնագրի հիման վրա և ձբաղվում է Աֆղանստանի բանակի սպառազինմամբ: