Մայիսի 1-ին Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսային Զափ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին հարվածել են տեղական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:
Թուրքական կողմի պնդմամբ՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 3 զինյալ: Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունների քրդերի դեմ Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում:
Հարվածներն իրականացվել են ԱԹՍ-ին համալրված թուրքական արտադրության «Ջիրիթ» կամ MAM-L անվանումը ստացած հրթիռներով, որոնք ունեն լազերային ուղղորդման համակարգ և նախատեսված են մինչև 8 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար:
Մայիսի 1-ին Թուրքիայի զինուժը Ադյաման նահանգում PKK-ին հարվածելու համար ևս կիրառել է տեղական արտադրության ԱԹՍ: Թուրքական ԱԹՍ-ն քուրդ զինյալների գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել է Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռին, որն էլ հարվածել է քրդերի դիրքերին: Փոխանցում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը հաճախ է հարվածում PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում: Ապրիլի 25-ին Թուրքիայի օդուժը հարվածել է քրդերի դիրքերին Իրաքի Սինջար շրջանում և Սիրիայի հյուսիսում:
Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում Թուրքիայի օդուժը հարվածներին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները ապրիլի 27-ին հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի ավիահարվածները վտանգի տակ են դրել այնտեղ գործող թե՛ ամերիկյան զինվորականների և թե՛ նրանց դաշնակից ուժերի կյանքը: