Թուրքիայի հարվածները սպառնում էին Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զինծառայողներին. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները ապրիլի 27-ին հայտարարել է, որ նախորդ օրերին Իրաքում և Սիրիայում Թուրքիայի զինուժի ավիահարվածները վտանգի տակ էին դրել այնտեղ գործող ամերիկյան զինվորականների կյանքը: Թոները խստորեն քննադատել է Թուրքիայի գործողությունները: Թոները այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան ըստ կարգի չէր համաձայնեցրել գործողությունները ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի հետ:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Թուրքիայի գործողություները վտանգի տակ էին դրել թե՛ ամերիկյան զինծառայողների, թե՛ ԱՄՆ դաշնակից ուժերի զինծառայողների կյանքը: Մասնավորապես նա խոսել է այդ հարվածների հետևանքով քրդական ինքնավարության Փեշմերգա զորաջոկատների, ինչպես նաև՝ Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) շրջանում գրանցված զոհերի մասին:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պետական ամենաբարձր մակարդակով զգուշացրել էին Թուրքիային, որպեսզի նմանատիպ միջադեպերը չշարունակվեն:

Թոների հայտարարությունից մեկ օր առաջ՝ ապրիլի 26-ին, Թուրքիայի գործողությունները քննադատել էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն)՝ նշելով, որ թուրքական կողմը մեկ ժամից էլ պակաս ժամանակ է տվել ամերիկյան կողմին, մինչև ավիահարվածների իրականացումը:

Ավելացնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը ևս քննադատել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունները: Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ «անթույլատրելի է առանց ինքնիշխան պետությունների իշխանությունների համաձայնության որևէ գործողություն իրականացնելը»:

Ապրիլի 25-ին Թուրքիան հարվածել էր Իրաքի և Սիրիայի տարածքում քրդական ուժերի դիրքերին, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 70 մարդ: 

Թուրքաին հարվածել է Իրաքում և Սիրիայում քրդերի դիրքերին. (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *