Ապրիլի 16-ին Ադրբեջանի բանակը սկսելու է խոշորամսշտաբ զորավարժություն, որին ներգրավվելու է 30 հազար անձնակազմ, 250-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, ավիացիա և այլ սպառազինություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժության ընթացքում խաղարկվելու են համազորային մարտի վարման և բարդ աշխարհագրական տեղանքում գործողությունների իրականացման տարբեր մեթոդներ:
Վարժանքների ընթացքում իրականացվելու են նաև զորքերի ու հրամանատարական կետերի տեղափոխություններ, մոբիլիզացիոն ռեզերվի հավաքագրում և այլն:
Զորավարժությունը տևելու է մինչև ապրիլի 21-ը:
Վերը նշված ուժերից բացի, զորավարժությանը ներգրավվելու են նաև ավիացիոն տեխնիկա (25 միավոր), հրթիռահրետանային միջոցներ (200 միավոր), ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: