Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ զորքերը և ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի 4-րդ բանակի զենիթային ստորաբաժանումները զորավարժության են մասնակցել հեռավոր Բուրյաթիայի «Թելեմբա» զորավարժարանում և հետ են մղել պայմանական հակառակորդի օդային հարձակումը:Այս մասին ապրիլի 11-ին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ինքնաթիռները 8 ժամ թռիչք են իրականացրել Հարավային շրջանից մինչև Բուրյաթիա և Անդրբայկալյան երկրամաս
Հատկանշական է, որ հարավային ռազմական շրջանի ինքնաթիռները զորավարժության ընթացքում անդադար թռչել են 6 հազար կիլոմետր և ընթացքից մտել են մարտի մեջ: Ենթադրվում է, որ սրանով հարավային ռազմական շրջանի օդաչուներին պատրաստում են Ռուսաստանի սահմաններից դուրս, հեռավոր վայրեր արագ հասնելու և անծանոթ տեղանքում մարտական գործողությունների մասնակցելու համար:
Զորավարժությանը ընդհանուր առմամբ մասնակցում է 1000 զինծառայող, ինչպես նաև ներգրավված է 350 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում նաև Սու-30Մ2, ՍՈւ-27ՍՄ3, Սու-30ՍՄ, Սու-34 ինքնաթիռներ, Մի-8 ուղղաթիռներ, ինչպես նաև Ս-300ՊՄ զենիթահրթիռային համալիրներ և «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ:
Զորավարժությունների ընթացքում Սու-34 ռմբակոծիչները թռիչքներ են իրականացրել մինչև 6000 կմ բարձրության վրա, ընդ որում թռիչքներն արվել են նաև գիշերային ժամերին, իսկ ինքնաթիռներն էլ վերալիցքավորվել են օդում:
Վարժանքների ընթացքում խաղարկվել են մշտական տեղակայման վայրերում օբյեկտների պաշտպանության և բարդ պայմաններում թիրախների գրավման մարտավարական դրվագներ:
Դաշտային պայմաններում մշակվել են օդային թիրախների գրավման գործողություններում մարտական հաշվարկների համագործակցության առաջադրանքներ: Օդային թիրախներում դերը իրականացրել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ավիացիոն դիվիզիայի կործանիչները և գրոհիչները:
Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի զենիթային ստորաբաժանումները տեղակայվել են իրենց համար անծանոթ Անդրբայկալյան երկրամասի օդանավակայանում և Բուրյաթիայում ապրիլի 10-ին:
Ընդհանուր առմամբ Հարավային ռազմական շրջանից դեպի Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամաս և Բուրյաթիա թռիչքին ներգրավված է եղել մոտ 30 ինքնաթիռ: Ավիացիայի տեղափոխումը մի քանի ավիախմբերով առաջին անգամ իրականացվել է 8 ժամ տևողությամբ առանց վայրէջքի, ինքնաթիռների վերալիցքավորումը արվել է օդում: