Բելառուսը ստացել է ուսումնամարտական ինքնաթիռների երկրորդ խմբաքանակը

Բելառուսը Ռուսաստանից ստացել է հերթական 4 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը։ Ինքնաթիռները «Լիդա» օդանավակայանում հանձնել է ՌԴ ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատար գեներալ-մայոր Օլեգ Դվիգալևը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ կայքը։

Առաջին 4 միավոր ինքնաթիռի պայմանագիրը Բելառուսը Ռուսաստանի հետ կնքել էր դեռևս 2012-ին, իսկ ինքնաթիռները ստացել էր 2015-ի ապրիլի 27-ին։

Այնուհետև 2015-ի օգոստոսի 26-ին կնքել էր պայմանագիր, որով բացի արդեն ստացած 4 միավոր ինքնաթիռներից պատվիրել էր ևս 4 միավոր։ Նախատեսվում է, որ Բելառուսը կշարունակի դրանց գնման ծրագիրը նաև 2020 թվականից հետո:

Նշենք, որ բելառուսական զինված ուժերում այս ինքնաթիռները փոխարինելու են չեխական արտադրության Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներին, որոնց շահագործման ժամկետը լրանալու է 2020-ին:

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը նախագծել է ռուսաստանյան «Իրկուտ» ընկերությունը: Ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։ Յակ-130-նն ունակ է զարգացնել մինչև 1060 կմ/ժ արագություն։ Թռիչքի առաստաղը 12 500 մետր է, մեկ լիցքավորումով կարող է անցնել շուրջ 2 000 կմ։

Սպառազինությունում Յակ-130-նն ունի 23 մմ-անոց հրանոթներ, «օդ-օդ» դասի չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև ռումբեր։ Առավելագույն մարտական բեռնվածությունը 3000 կգ է, անձնակազմը՝ 1-2 հոգի։

Ինքնաթիռի շահագործման ժամկետը 12 հազար թռիչքային ժամ է: Մեկ Յակ-130-ի արժեքը 15 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *