Ուկրաինայում զոհվել է այնտեղ կռվող ևս մեկ վրաստանցի մարտիկ

Դոնբասի Օպիտնոե գյուղի մերձակայքում սպանվել է այնտեղ մարտնչող ևս մեկ վրաստանցի կամավորական։ Իրակլի Կուտելիան պայթել է ականի վրա ևս 2 մարտիկի՝ Ալեքսեյ Բոլդիրևի և Անդրեյ Կուպրիյանովի հետ։ Եվս 7 հոգի վիրավոր է։Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին։

Միխեիլ Սաակաշվիլին վրաստանցի կամավորականների հետ

Միխեիլ Սաակաշվիլին վրաստանցի կամավորականների հետ

Վերջինս շեշտել է, որ Կուտելիան «թվով 6-րդ վրաստանցին է, որ զոհվում է ռուս-ուկրաինական պատերազմում»։ Սաակաշվիլու գրածից նաև պարզվում է, որ «Կուտելիան Ուկրաինա է մեկնել այս տարի հարյուրավոր կամավորականների հետ»։

Նշենք, որ նախորդ զոհի մասին հայտնի էր դարձել այս տարվա օգոստոսին։

Հավելենք, որ 2014-15թթ. ընթացքում հայտնի է դարձել 7 վրաստանցի զինծառայողի սպանվելու մասին։ Սակայն զոհվածներից մեկը, ինչպես հայտնում էին վրաստանյան լրատվամիջոցները, կռվել է ոչ թե Ուկրաինայի կառավարական ուժերի շարքերում, այլ ռուսական կողմում։

  • 2014թ. դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում զոհվել էր 32-ամյա Ալեքսանդր Գրիգոլաշվիլին։ Նա ծառայել է Վրաստանի զինուժում 2007-08թթ, կռվել է Դոնբասում ուկրաինական «Այդար» գումարտակի կազմում։
  • 2015թ. հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Դոնեցկում մահացել է Վրաստանի քաղաքացի Շալվա Բուխաիձեն։ Նրա մահվան լուրը հաստատել էր Վրաստանի ԱԳՆ-ն, հենց այս զինծառայողի մասին էլ շրջանառվում էր, որ կռվել է ռուսական կողմում։ Ամենայն հավանականությամբ այս լուրը համապատասխանում է իրականությանը, քանի որ վրաստանյան մամուլը, ինչպես նաև Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում մահացածների թվում նրան չեն ընդգրկում։
  • Հունվարի 18-ին Դոնեցկում մարտական գործողությունների ընթացքում մահացել է 37-ամյա Թամազ Սուխիաշվիլին ։ Եվս 3 վրաստանցի մարտիկ վիրավորվել էին։
  • Ապրիլի 18-ին Դոնեցկի շրջանի Շիրոկինո գյուղի մարտերում զոհվել էր Վրաստանի քաղաքացի Գեորգի Ջանելիձեն։ Վերջինս ծառայել է կառավարական ուժերի «Ազով» գնդում որպես վրաստանցի կամավորական։
  • Հուլիսի 2-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ազովի ծովում խեղդվել է Ուկրաինայի կառավարական ուժերի շարքում կռվող վրաստանցի սպա Կոնստանտին Լաշխիան։
  • Օգոստոսի 9-ին վրաստանյան ընդդիմադիր «Թավիսուպալի զոնա» (Ազատ գոտի) պորտալը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի մերձակայքում, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է այնտեղ մարտնչող վրաստանցի կամավորական Գեորգի Բարատելին։ Վերջինս կռվել է ուկրաինական ուժերի 93-րդ գումարտակի շարքերում։

Նշենք, որ Ուկրաինայում կռվող վրաստանցիների թեման բավական շահարկվում է, քանի որ խոսակցություններ կային, թե վրաստանցի զինծառայողներն ազատվում են Վրաստանում իրենց աշխատանքից և տեղափոխվում Ուկրաինա կռվելու։ Սրա վերաբերյալ հայտարարություն էր արել Միխեիլ Սաակաշվիլին, նշելով, որ մարդիկ ազատվում են ինչպես ԶՈւ-ի, այնպես էլ ՆԳՆ-ի իրենց ծառայությունից։ Նա նաև շեշտել էր, թե շատ զինծառայողներ Ուկրաինայի քաղաքացիություն են ստանում և որ իբր Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիություն տալ այն վրաստանցիներին, ովքեր կծառայեն ուկրաինական բանակում։

Վրաստանի ՊՆ-ն անդրադարձել էր վերոնշյալ հայտարարությանը, շեշտելով, որ դեռ չի գրանցվել այնպիսի դեպք, երբ զինված ուժերից զինծառայողներ գնան Ուկրաինա, թեև տեղեկություններ ունեն, որ այնտեղ կան Վրաստանի քաղաքացիներ, ովքեր այժմ չեն ծառայում։

Տեղեկացնենք նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ 2014թ. դեկտեմբերին խորհրդարան է անցկացրել օրենքի նախագիծ, որի ընդունվելու դեպքում այն քաղաքացիները, որոնք կլքեն երկիրը այլ պետություններում զինված հակամարտությունների մասնակցելու համար, հայրենիքում կհետապնդվեն օրենքով, նրանց կսպառնա ազատազրկում:

Քրեական օրենսգրքի այս փոփոխությունները վերաբերելու էին Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայում գտնվող և զինված խմբավորումների անդամակցող Վրաստանի քաղաքացիներին։ Սակայն ընդամենն օրեր անց հստակեցվեց, որ օրենքը չի տարածվի Ուկրաինայի կառավարական ուժերի շարքերում կռվող վրաստանցիների վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *