Վրաստանի ԶՈւ զինծառայողները մարզումներ են սկսել Աֆղանստան մեկնելուց առաջ

Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի  արևելյան օպերատիվ խմբավորման 5-րդ հետևակային բրիգադի 52-րդ գումարտակի անձնակազմը ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը միանալուց առաջ «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում 6-ամսյա նախապատրաստական մարզումներ է սկսել։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները մարզումների ժամանակ։ Նկարը՝ Վրաստանի ՊՆ կայքից

Վրաստանի ԶՈւ զինծառայողները մարզումների ժամանակ։ Նկարը՝ Վրաստանի ՊՆ կայքից

Ներկայում 52-րդ գումարտակի զինծառայողները մարզվում են ջոկի մակարդակով, այնուհետև նախատեսվում է անցնել դասակի մակարդակի և մարզումներն ավարտել գումարտակի մակարդակով։

Վարժանքների նպատակն է մասնակիցներին սովորեցնել բազայի պաշտպանության, պարեկության ու արագ արձագանքման հմտություններ։ Մարզումներն անցկացնում են վրաստանցի հրահանգիչները՝ ԱՄՆ ծովային հետևակի ներկայացուցիչների վերահսկողությամբ։

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զինծառայողները մինչ այս ունեցել են նաև անհատական պարապմունքներ, որոնց շրջանակներում սովորել են քարտեզագրում, անցել են կրակային և մարտավարական պատրաստություն և այլն։

Այս 6-ամսյա մարզումներից հետո գնահատվելու է վրաստանցի զինծառայողների պատրաստությունը։ Վերջիններս առաքելությանը միանալուց առաջ վերջնական պատրաստություն են անցնելու նաև Գերմանիայում։

Հիշեցնենք, որ 2014 թվականի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը 2015 թվականից փոխարինեց «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Վրաստանը միացավ նաև 2015 թվականից Աֆղանստանում մեկնարկած վերջնական «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ ամերիկյան զորախմբի կազմում։ Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Վրաստանից այս առաքելությանը մասնակցում է շուրջ 750 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *