Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՌԴ ԶՈւ հատուկ ստորաբաժանման և սիրիական բանակի 12 ժամ տևած գործողության շնորհիվ՝ Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսաստանյան Սու-24Մ ռմբակոծիչի ողջ մնացած օդաչուն փրկվել և տեղափոխվել է ռազմաբազա։
Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Գործողությունը հաջող է անցել։ Օդաչուն տեղափոխվել է մեր ռազմաբազա։ Ողջ և առողջ է»,—նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Նշենք, որ խոցված Սու-24Մ ինքնաթիռի անձնակազմի տարհանման ևս մեկ փորձ ՌԴ զինված ուժերն արել են երեկ: Սակայն ահաբեկիչները խոցել են տարհանման համար դեպքի վայր եկած ուղղաթիռներից մեկը, իսկ երկրորդ ուղղաթիռը ստիպված է եղել տարհանել խոցված ուղղաթիռի անձնակազմին: Գործողության ժամանակ զոհվել է ՌԴ ԶՈւ ևս մեկ զինծառայող:
«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխնացմամբ՝ նոյեմբերի 25-ին Սերգեյ Շոյգուն նաև հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հակաօդային պաշտպանության Ս-400 զենիթահրթիռային համակարգեր է տեղափոխելու Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազա, որտեղից ռուսաստանյան ավիախումբը սեպտեմբերի 30-ից ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Հիշեցնենք նաև, որ ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ՌԴ ԶՈւ ԳՇ-ն հայտարարել էր նաև, որ դեպի Սիրիայի ափերն է նավարկում «Մոսկվա» ռազմանավը՝ զինված հակաօդային պաշտպանության «Ֆորտ» համակարգով, և այն խոցելու է Սիրիայում ՌԴ ԶՈւ ինքնաթիռներին սպառնացող ցանկացած թիրախ։
Հայտարարվել է նաև, որ այսուհետ Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ռմբակոծիչները թռիչքները կատարելու են կործանիչների ուղեկցությամբ (որպեսզի այլ երկրների կործանիչների հանդիպելիս ՌԴ ԶՈւ ռմբակոծիչներն անպաշտպան չլինեն):
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Թուրքիայի օդուժի F-16 կործանիչները խոցել են Ռուսաստանի զինված ուժերի Սու-24 ռմբակոծիչը, որն ընկել է Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից գյուղում՝ Պուտինի խոսքով՝ սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Միջադեպի մասին խոսելիս ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսաստանյան ինքնաթիռի խոցումը դուրս է հակաահաբեկչական պայքարի սահմաններից: Պուտինի խոսքերով՝ նոյեմբերի 24-ի կորուստը մեջքին խփված հարվածի հետևանք է, որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:
Pingback: Սիրիայում Ռուսաստանը Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ է բացազատել | Ռազմ.info