Վրաստանի վարչապետը նշանակել է նոր արտգործնախարարի

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Թամար Բերուչաշվիլին և նրա փոխարեն նշանակվել է էկոնոմիկայի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավորության մամուլի ծառայությունը ։

Ձախից աջ՝ Վրաստանի վարչապետը, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարները

Ձախից աջ՝ Վրաստանի վարչապետը, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարները

Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով էկոնոմիկայի նախարարի պաշտոնում է նշանակվել Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետ Դիմիտրի Կումսիշվիլին։ Իսկ ինչ վերաբերում է Թամար Բերուչաշվիլիին, ապա վերջինս հետագա աշխատանքի ոլորտը որոշելու է Գեորգի Կվիրիկաշվիլին։

Հավելենք, որ Վրաստանի այժմ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քարտուղար Սերգո Ռատիանին լրագրողների հետ զրույցում նշել է , որ կառավարության վարքն անհասկանալի է։ «Էկոնոմիկայի նախարարը, ով երկիրը ճնգաժամի հասցրեց, այժմ փոխադրվել է արտաքին գործերի նախարարություն։ Սա նշանակում է, որ նա անգլերեն լավ է խոսում»,—դժգոհել է Ռատիանին։

Տեղեկացնենք, որ Վրաստանի նոր արտգործնախարարն ավարտել է Վրաստանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ապա ԱՄՆ-ում Իլլինոյսի համալսարանում ստացել է ֆինանսական գիտությունների մագիստրոսի կոչում։ 1993-99 թթ. Վերջինս աշխատել է մի շարք բանկերում, 2006-2011 թվականներին աշխատել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկում որպես գլխավոր տնօրեն ։ 2012 թվականից էկոնոմիկայի նախարարն է։

Տեղեկացնենք նաև, որ Վրաստանի արդեն նախկին արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին նշանակվել էր այդ պաշտոնում 2014 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունից հետո հրաժարական տվեցին արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և նրա բոլոր տեղակալները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *