Նիգերիան կարող է Մի-171Շ և Մի-35Մ բեռնատար ուղղաթիռներ գնել Ռուսաստանից

Սեպտեմբերի 11-ից 13-ը Բաքվում անցկացված ռազմական արտադրանքի ADEX 2014 միջազգային ցուցահանդեսի ժամանակ, ռուսաստանյան «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության ղեկավարի տեղակալ Սերգեյ Գորեսլավսկին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ՝ Նիգերիայի հետ 2014-ի օգոստոսին կնքված պայմանագրի վերաբերյալ, որով նախատեսվում է այդ երկրին մատակարարել մեծ քանակությամբ Մի-171Շ, ինչպես նաև մի քանի միավոր Մի-35Մ բեռնատար ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է bmpd ռազմական բլոգը։

Նիգերիայի ՌՕՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռըՆիգերիայի ՌՕՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը

Նիգերիայի ՌՕՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը

Գորեսլավսկին հայտնել է, որ Նիգերիայից բացի, վերոնշյալ ուղղաթիռների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում աֆրիկյան մի շարք այլ երկրներ ևս, որոնց թվում է նաև Մոզամբիկը։

«Ռոսօբոռոնէքսպորտի» փոխղեկավարը նշել է նաև, որ առաջիկայում Հարավաֆրիկյան Հանրապետությունում նախատեսված ռազմական ցուցահանդեսի ժամանակ կարվեն ավելի գործուն քայլեր՝ ռուսաստանյան ռազմական արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը սև մայրցամաքի երկրների շրջանում ամրապնդելու ուղղությամբ։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2012-ի նոյեմբերին Նիգերիայի պաշտոնական աղբյուրները հայտարարել էին՝ Ռուսաստանին պատվիրել են 9 միավոր Մի-171Շ բեռնատար ուղղաթիռ։ Պայմանագիրը, սակայն, անհայտ պատճառներով այդպես էլ կյանքի չկոչվեց։ Իսկ ահա 2014-ի հուլիսին Նիգերիան հայտարարեց, որ երկրի տարածքում գործող «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ԱՄՆ-ից և Ռուսաստանից պատրաստ է գնել 40 միավոր հարվածային և բեռնատար ուղղաթիռներ։

Մի-171Շ-ն Մի-8 բեռնատար ուղղաթիռի մոդիֆիկացիաներից է՝ համալրված կառավարվող հրթիռներով։ Այն կարող է կատարել նաև գրոհիչ ուղղաթիռի գործառույթներ։ 3 հոգանոց անձնակազմ ունեցող Մի-171-ը շահագործվում է 1992-ից, այն կարող է բարձրացնել մինչև 6 տոննա բեռ, կամ 25 ուղևոր։ Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 000 մետր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *