Ֆինլանդիան ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ է արդիականացնում

Ֆինլանդական պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում արդիականացնել երկրի զինված ուժերի սպառազինության մեջ առկա մոտ 100 միավոր ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

Ֆինլանդիայի զինված ուժերի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա

Ֆինլանդիայի զինված ուժերի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա

Ֆիննական զինված ուժերում զրահատեխնիկայի արդիականացման վրա շուրջ 40 մլն ամերիկյան դոլար են նախատեսում ծախսել: Այդ նպատակով ֆիննական երկու ընկերություններ՝ Conlog ու Oricopa ընկերությունները ներկայացրել են արդիականացման իրենց տարբերակները: Երկու ընկերությունների արդիականացրած հետևակի մարտական մեքենաներն արդեն փորձարկվել են, ու սպասվում է, որ մինչև 2014-ի աշնան վերջ ֆիննական զինված ուժերի ղեկավարությունը վերջնական կորոշի, թե որ ընկերությանը տրամադրի 100 միավոր ԲՄՊ-2 մեքենաների արդիականացման պայմանագիրը: Ենթադրաբար ՀՄՄ-ների արդիականացումը կիրականացվի 2015-2019 թվականներին:

Դեռևս 1988-1992 թվականներին ԽՍՀՄ-ից Ֆինլանդիայի գնած հետևակի մարտական մեքենաների վրա նախատեսում են տեղադրել հավելյալ գիշերային դիտարկման, ջերմացուցիչ սարքավորումներ, որպեսզի ավելացնեն մեքենաների կրակի կառավարման արդյունավետությունը: Մեքենաների ընթացամասի ու այլ հանգույցների արդիականացում այս պայմանագրով չի նախատեսվում:

Արդիականացման նպատակը ֆինլանդական զինված ուժերում նշված հետևակի մարտական մեքենաների շահագործման ժամկետը մինչև 2030-ականներ հասցնելն է: Դրա հետ մեկտեղ երկրի զինված ուժերում կշարունակեն օգտագործել շվեդական արտադրության CV-9030 հետևակի մարտական մեքենաները:

Ավելացնենք, որ խորհրդային նախագծման ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան նախատեսված է հետևակի՝ անմիջապես մարտի դաշտ տեղափոխելու ու մարտ վարելու համար: Այն նախագծվել ու արտադրվել է ԽՍՀՄ-ում: Ռուսաստանում այն շարունակել է արտադրվել մինչև 2008 թվականը:

ՀՄՄ-ի բազային տարբերակը զինված է 30 մմ զենիթային թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու հակատանկային կառավարվող հրթիռներով: Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Մեքենան լողացող է, իսկ ցամաքում զարգացնում է մինչև 65 կմ/ժ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *