Ղրիմում վերականգնվել է ավիակիրային ավիացիայի ուսումնական կենտրոնը

ՌԴ ԶՈւ Հյուսիսային նավատորմի առանձին ավիացիոն գնդի օդաչուները ուսումնական թռիչքներ են անցկացնում Ղրիմում տեղակայված Սակի օդակայանում՝ որոնց հիմքում ընկած է թռիչքների իրականացումն ավիակրի տախտակամածից։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Վարժասարք-թռիչքուղին Սակի օդակայանում

Վարժասարք-թռիչքուղին Սակի օդակայանում

Սակի օդակայանում դեռևս խորհրդային ժամանակներում կառուցվել էր ավիակիրային ավիացիայի օդաչուների համար նախատեսված վարժասարք-թռիչքուղին, որի վրա ծովային ավիացիայի սկսնակ օդաչուները հղկում էին իրենց հմտությունները։

Խորհրդային Միության փլուզումից հետո, սակայն, ուսումնական կենտրոնը դադարեցրել է գործունեությունը, որի պատճառը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տրածքում բազմաթիվ բնագավառներում արձանագրված համատարած անկումն էր, այլև այն, որ Ուկրաինային բաժին հասած «Վարյագ» ավիակիր հածանավը սկզբում պահուստավորվեց, այնուհետև՝ 1998-ին, վաճառվեց Չինաստանին։

Նման պարագայում, բնական է, որ անիմաստ էր նաև ավիակիրային ավիացիայի օդաչուների պատրաստման համար նախատեսված ուսումնական կենտրոնի շահագործումը։ Պահանջները, սակայն, էականորեն փոխվեցին Ղրիմի անեքսիայից հետո, և Ռուսաստանը շատ կարճ ժամանակահատվածում վերականգնեց «ՆԻՏԿԱ» վարժասարք-թռիչքուղու շահագործումը։

Կենտրոնի շահագործման վերականգնումը շատերը կապում են նաև մեկ այլ հանգամանքի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՌԴ ռազմածովային ուժերի միակ ավիակիր «Ադմիրալ Կուզնեցովն» առաջիկայում նախատեսվում է հիմնովին նորոգել, ինչը կտևի մի քանի տարի, իսկ այս ընթացքում օդաչուների հմտությունների պահպանման համար կօգտագործվի նաև Ղրիմում տեղակայված «ՆԻՏԿԱ»-ն։

Հավելենք, որ «ՆԻՏԿԱ» համալիրը ցամաքային տեղակայման արհեստական թռիչքուղի է, որն իր երկրաչափական տվյալներով առավելագույնս մոտեցված է «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի տախտակամածի չափերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *