ԱՄՆ ռազմածովային ուժերի CH-53E Super Stallion ուղղաթիռը վթարի է ենթարկվել. զոհեր չկան

Սեպտեմբերի 1-ին Ադենի ծոցում վթարի է ենթարկվել ամերիկյան զինուժին պատկանող CH-53E Super Stallion ուղղաթիռը: Ուղղաթիռի անձնակազմի շարքերում զոհեր չկան:

CH-53E Super Stallion

CH-53E Super Stallion

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, ուղղաթիռն այդ ժամանակ տեղափոխում էր ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումների զինծառայողներին Ջիբութիում կայացած զորավարժություններից: Ուղղաթիռն ընկել է Mesa Verde նավի վրա վայրէջք կատարելու փորձի ընթացքում:

Նշենք, որ ուղղաթիռում եղել է 25 զինծառայող: Տուժածներին համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել:

ԱՄՆ ռազմածովային ուժերն այս պահի դրությամբ տեղեկություններ չեն հայտնել ուղղաթիռի վթարի պատճառների մասին, սակայն շեշտել են՝ ուղղաթիռի վթարը «չի եղել թշնամական հարձակման կամ ազդեցության հետևանքով»:

CH-53E Super Stallion ծանր բեռնատար ուղղաթիռի արտադրողն ամերիկյան Sikorsky ավիաշինական ընկերությունն է: Առաջին թռիչքը կատարել է 1964-ին, սկսել են շահագործել 1965-ից: Հիմնական շահագործող երկրներն են ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսրայելը: Վիետնամի պատերազմի տարիներին ԱՄՆ-ն կորցրել է 36 միավոր CH-53E Super Stallion, իսկ Իսրայելը շահագործման ողջ ընթացքում՝ առնվազն 7 միավոր: Ուղղաթիռի անձնակազմը 3 օդաչու է, կարող է տեղափոխել 38 զինծառայողի կամ 24 վիրավորի պատգարակներում, առավելագույն բեռնատարողությունը 5780 կգ է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 19 051 կգ, առավելագույն արագությունը՝ 307 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 5105 մ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *