Արդիականացվելու են ամերիկյան սպառազինության բոլոր Osprey կոնվերտոպլանները

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ունեցած բոլոր Osprey կոնվերտոպլանների վրայից հանում է դրանց շարժիչները՝ առաջիկայում դրանք նորերով փոխարինելու համար։Այս մասին հայտնում է «Flightglobal» ավիացիոն լրատվակայքը:

Հայտարարության մեջ Պենտագոնը նշում է, որ նոր շարժիչները պիտի ունենան համապատասխան չափեր, որպեսզի տեղավորվեն կոնվերտոպլանների՝ շարժիչների համար նախատեսված հատվածներում: MV-22B, MV-22C ու CV-22C կոնվերտոպլանների վրա դրանց տեղադրումը պիտի կառուցվածքի նվազագույն փոփոխություններ պահանջի:

Osprey կոնվերտոպլանի պտուտակը շարժիչի հետ

Osprey կոնվերտոպլանի պտուտակը շարժիչի հետ

Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը չի նշել, թե ինչու է հրաժարվում ներկայում օգտագործվող Rolls-Royce T406 (AE 1107C-Liberty) շարժիչներից, սակայն հստակ է, որ նոր շարժիչի պահանջները համեմատելի են արդեն օգտագործվող շարժիչի հզորության հետ, իսկ մրցույթն անցկացնողները դիտարկելու են նաև ներկայում գոյություն ունեցող շարժիչները:

Զինվորականները նախատեսում են, որ նոր շարժիչը պիտի ունենա 6100 ձիաուժ հզորություն: Այն պիտի ունակ լինի աշխատել արտաքին միջավայրի 54°C ջերմաստիճանի պայմաններում ու մինչև 7620 մետր բարձրության վրա (հենց այսքան է կոնվերտոպլանի թռիչքի առաստաղը):

Ավելացնենք, որ դեռևս 2014-ի փետրվարին Rolls-Royce ընկերությունը կոնվերտոպլանների համար նախատեսված 40 շարժիչների պատվեր էր ստացել ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, ինչի համար ստանալու էր ավելի քան 90 միլիոն ամերիկյան դոլար:

Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերում ներկայումս շահագործում են մոտ 150 Osprey կոնվերտոպլան: Դրանք օդաչուավոր թռչող սարքեր են, որոնց պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

V-22 Osprey ամերիկյան կոնվերտոպլանը ներկայում միակն է, որ առկա է  սերիական արտադրությունում: Դրանից բացի, մի քանի ամերիկյան ու եվրոպական կոնվերտոպլաններ դեռ նախագծման ու փորձարկումների փուլում են։

Osprey-ը նախագծվել է շուրջ 30 տարի, իսկ սպառազինության ընդունվել 2005-ին։ Կախված մոդիֆիկացիայից, կոնվերտոպլանի անձնակազմը 3 կամ 4 հոգանոց է, կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։ Զանգվածը 15 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24-26 տոննա։ 2 շարժիչների ընդհանուր հզորությունը 12 300 ձիաուժ է, ինչի շնորհիվ թռչող սարքը «ուղղաթիռային» ռեժիմում զարգացնում է մինչև 185 կմ/ժ արագություն, «ինքնաթիռային» ռեժիմում՝ 580 կմ/ժ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 7,6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ մոտ 2600 կմ։

Osprey կոնվերտոպլանի մոտավոր գինը 66 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս այն ընդգրկված է ԱՄՆ սպառազինության մեջ, իսկ Իսրայելն ու Ճապոնիան արդեն պատվիրել են այս թռչող սարքերի որոշակի քանակություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *