Իտալիայի օդային տարածքում միմյանց են բախվել 2 կործանիչներ

Իտալիայի ռազմաօդային ուժերի 2 Tornado («Տորնադո») կործանիչներ երկրի արևելյան հատվածերում օգոստոսի 19-ին իրականացվող ուսումնական թռիչքի ժամանակ բախվել են միմյանց։

Tornado կործանիչ. Իտալիայի ՌՕՈւ

Tornado կործանիչ. Իտալիայի ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, երկու ինքնաթիռներն էլ կայանում էին երկրի հյուսիսարևմտյան Գեդի քաղաքի ավիակայանում։

Ինքնաթիռները բախումից հետո ընկել են բնակելի վայրում՝ անտառից ոչ հեռու։ Քաղաքացիական անձինք չեն տուժել, սակայն այս պահի դրությամբ անհայտ է անձնակազմի անդամների ճակատագիրը. 2 օդաչուներն ու 2 շտուրմանն անհետ կորած են համարվում։ Վթարի վայրում աշխատում են հրշեջ բրիգադներ։ Նրանք վկայում են, որ հնարավոր է՝ օդաչուները կարողացել են բախումից առաջ կատապուլտի օգնությամբ դուրս գալ, և այժմ բարդ է հայտնաբերել նրանց անտառային տեղանքի պատճառով։ Օգոստոսի 19-ի գիշերվա ժամերից մինչ այժմ որոնողական աշխատանքները շարունակվում են, գործարկվել են ուղղաթիռներ և գիշերային դիտման սարքեր։ Դեպքի վայր է ժամանել Իտալիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետի գլխավորած հետաքննական հանձնաժողովը։

Հավելենք, որ Panavia Tornado կործանիչը սկսել է արտադրվել 1970-ականներին գերմանական Messerschmitt AG, բրիտանական British Aerospace և իտալական  Alenia Aeronautica ընկերությունների կողմից։ Շահագործվում է 1980-ից, հիմնական շահագործող երկրների շարքում են Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սաուդյան Արաբիան։ Անձնակազմը 2 հոգի է, երկարությունը՝ 16.72 մ, թևերի բացվածքը՝ 8.60 մ, բարձրությունը՝ 5.95 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 27 200 կգ, առավելագույն արագությունը՝ 2340 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 15 000 մ, մարտական բեռնվածությունը՝ 9 000 կգ, կարող է կրել կառավարվող հրթիռներ և ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *