ՌԴ Կասպյան նավատորմիղը 2 նոր կատեր է փորձարկում

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի նավաստիները ստանձնել են «Նիժեգորոդսկոյ տեպլոխոդ» գործարանի արտադրած 2 միավոր նոր վթարային-փրկարարական համալիր ապահովմամբ ռեյդային կատերների պետական փորձարկումները։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, առաջիկա 10 օրերի ընթացքում նավաստիներն իրականացնելու են նոր կատերների սարքավորումների, շարժական ցուցանիշների, տարբեր սարքավորումների համակցված աշխատանքի համալիր փորձարկումներ։ Բացի այդ, ըստ աղբյուրի, փորձարկումների ընթացքում դիտարկելու են կատերների հեռակառավարման հնարավորությունները և անձնակազմի՝ դրա հետ աշխատելու հմտությունները։

Նկատենք, որ այս նոր կատերները նախատեսված են գետում կամ ծովում որոնողափրկարարական բարդ գործողությունների իրականացման համար։ Ի տարբերություն իր նախորդների՝ նոր կատերները ստացել են հավելյալ սարքավորումներ, մասնավորապես՝ ստորջրյա սարքը և շարժական հիդրոտեղորոշման կայանը։ Հավելենք, որ կատերները, նախատեսված են լինելու նաև այլ նավերի և կատերների, ինչպես և 30 մ բարձրության առափնյա օբյեկտների վրա հրդեհի մարման աշխատանքներում կիրառելու համար։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *