Ռուսաստանն ընդլայնում է սպառազինության արտահանումը Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ

Զենքի արտահանման ռուսաստանյան «Ռոսօբոռոնէքսպորտ» պետական միջնորդ ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայնտել է, որ ՌԴ-ին հաջողվել է խոշոր ծավալների սպառազինության արտահանման պայմանագիր կնքել Բահրեյնի Թագավորության և Նամբիայի հետ: Նմանատիպ գործարքը վերջինիս հետ առաջինն է անցնող 15 տարիների ընթացքում։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ռոսօբոռոնէքսպորտ

Ռոսօբոռոնէքսպորտ

Նամբիայի հետ կնքված պայմանագրով նախատեսվում է ավտոմոբիլային տեխնիկայի, ականանետերի, հրաձգային զենքի, տարբեր տեսակի զինամթերքի և որ կարևորն է՝ «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրի մատակարարում։

Ինչ վերաբերում է Բահրեյնին, ապա մատակարարման բովանդակության մասին տեղեկությունը դեռևս չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ այս երկիրն առաջինն է Մերձավոր Արևելքում, որը ձեռք է բերում «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրի արդիականացված տարբերակը՝ «Կորնետ-ԷՄ»-ն։

«Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրենը որոշ մանրամասներ է ներկայացրել նաև աֆրիկյան շուկա արտահանվող ռուսաստանյան սպառազինության ծավալների վերաբերյալ։ Իսայկինը նշել է, որ թեպետ աֆրիկյան երկրներին բաժին է ընկնում արտահանման միայն 2 տոկոսը, սակայն վերջին տարիներին այս առումով նկատվում են աճի միտումներ։ Դա պայմանավորված է մայրցամաքի մի շարք երկրների համախառն ներքին արդյունքի աճով, ինչն էլ ուղղակիորեն հանգեցնում է սպառազինվելու ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը։

Հավելենք, որ 2013-2014 թվականներին Ռուսաստանը Աֆրիկայի երկրների հետ կնքել է ընդհանուր առմամբ 1.7 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմական պայմանագիր։ Շահառու երկրների թվում են Նիգերիան, Կամերունը, Մոզամբիկը, Տանզանիան, Նիգերը, Քենիան և Ռուանդան, որոնք ունեցել են հիմնականում ինքնաթիռների, ուղղաթիռների և զրահատեխնիկայի պահանջարկ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *