Չինաստանում բախումներ են գրանցվել ույղուրների և ուժայինների միջև

Չինաստանի Շաչե քաղաքում հուլիսի 28-ին կացիններով ու դանակներով զինված անձինք հարձակվել էին ոստիկանական բաժանմունքի վրա, բացի այդ էլ վնաս էին հասցրել խաղաղ բնակիչներին և շարքից հանել ոստիկանական 30 ավտոմեքենաներ։ Չինաստանի իշխանությունները կատարվածը որակել էին «հանգամանորեն ծրագրած ու մտածված կերպով իրականացրած ահաբեկչություն»՝ կազմակերպված «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում» խմբավորման կողմից, որը պայքարում է Պեկինում ույղուրների անկախացման համար։ Անկարգությունների պատճառը թերևս կենտրոնական իշխանության արգելքն է ույղուրների՝ սեփական կրոնական ավանդույթները պահելու դեմ, իսկ Սինցզյան նահանգի բնակչության մոտ կեսը հենց մուսուլման ույղուրներ են, որոնք հուլիսի 28-ին պետք է նշեին իրենց սրբազան Ռամադան ամիսը։

Չինաստանի ԶՈւ զինծառայողները Սինցզյան նահանգում

Չինաստանի ԶՈւ զինծառայողները Սինցզյան նահանգում

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, Չինաստանի ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալներում ուժայինների՝ ույղուրների անկարգությունը կասեցնելու դեմ ուղղված գործողությունների հետևանքով սպանվածների ու վիրավորների թիվը չի հստակեցվում։ Փոխարենը, Ույղուրների համաշխարհային կոնգրեսը վկայում է՝ սպանվել է նվազագույնը 20 ույղուր, 10-ը վիրավորվել են, 67-ը՝ ձերբակալվել։

Հիշեցնենք, որ  Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում հաճախ են ազգային հողի վրա վեճեր ու միջադեպեր գրանցվում ույղուր ազգաբնակչության և չինական իշխանությունների միջև։ Ընդ որում, ույղուրները մեղադրում են Չինաստանին իրենց ավանդույթները չհարգելու, ձուլման քաղաքականություն վարելու, իրենց մշակույթի վրա ազդելու փորձերի համար։ Չինաստանն էլ իր հերթին մեղադրանքներ է ներկայացնում ույղուրներին հասարակական կարգը խախտելու, ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու, անջատողական նկրտումների հարցում։

Նկատենք, որ գրանցվել են նաև ույղուրների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների փորձեր։ Մասնավորապես, 2008-ին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարությունը հրապարակել էր ույղուր ահաբեկիչների ցուցակը, որոնց կասկածվում էին ահաբեկչական գործողություններ անցկացնելու փորձի, խաղերի անցկացումը խափանելու ակցիաներ կազմակերպելու մեջ: Ավտոմեքենա պայթեցնելու միջոցով իրականացրած մեկ այլ ահաբեկչություն արձանագրվել էր 2013-ի հոկտեմբերին Պեկինի Թյանանմեն հրապարակում։ Բացի այդ, Չինաստանում ձերբակալությունների ալիք էր  բարձրացել սույն թվականի մայիսի 22-ին  Սինցզյան նահանգի կենտրոնում՝ Ուրումչի քաղաքում, գրանցված ահաբեկչությունից հետո, որը խլել է 43 հոգու կյանք։ Ավելի վաղ՝ մարտի 1-ին, զինված անձինք հարձակվել էին Կունմին քաղաքի ավտոկայանի վրա, ինչի պատճառով սպանվել էր 29 հոգի, վիրավորվել՝ 130-ը։ Ապրիլի վերջին Ուրումչիի երկաթգծային կայարանում արձանագրված պայթյունի հետևանքով սպանվել էր 3 հոգի, վիրավորվել՝ 79-ը։ Այս բոլոր ահաբեկչությունների հարցում կասկածվում է ույղուրական «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժումը»։

Չինաստանի արտգործնախարարության տվյալներով`«Արևելյան Թուրքեստան իսլամական շարժումն» ույղուր անջատողականներին միավորող ամենաակտիվ կազմակերպությունն է: Նրա շուրջ 600 զինյալները նախապատրաստություն են անցել իսլամիստների ճամբարներում: Նրանք պայքարում են ույղուրների անկախացման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *