Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում 34 թիրախի

Իսրայելական օդուժի ինքնաթիռները և ուղղաթիռները հունիսի 30-ի գիշերը կետային հարվածներ են հասցրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադ» իսլամիստական կազմակերպության անդամների հավանական տեղակայման 34 վայրերին։ Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունները կրկին լարվել են հունիսի 12-ին իսրայելցի 3 պատանիների առևանգումից և նրանց սպանությունից  հետո։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով պաղեստինյան աղբյուրներին, ավիահարվածների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել առնվազն 4 հոգի, մեկը համարվում է անհայտ կորած։

Նկատենք, որ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաստատել է սույն տեղեկությունը՝ հավելելով՝ հարվածները հասցվել են «ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքներին»՝ ի պատասխան հունիսի 30-ի առավոտյան պաղեստինյան հատվածից հասցված հրթիռային հարվածների։ Իսրայելցի զինվորականների պնդմամբ՝ իրենց ուղղությամբ արձակվել է նվազագույնը 5 հրթիռ։ Հրթիռակոծման հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան, այրվել է մեկ ավտոմեքենա, վնասվել՝ երկրի հարավային հատվածում շինություններից մեկը։

Իսրայելական բանակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ իրենք շարունակելու են հարվածներ հասցնել «ահաբեկիչների պատսպարաններին», մինչև որ Իսրայելի քաղաքացիների համար խաղաղություն չհաստատվի։

Նկատենք, որ ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է  3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել «ՀԱՄԱՍ»-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր «ՀԱՄԱՍ»-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ «ՀԱՄԱՍ»-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ են իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են «ՀԱՄԱՍ»-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել են 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել են մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Նշենք, որ իսրայելցի պատանիների սպանությունը դատապարտել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը՝ այն որակելով «Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունների սրմանն ուղղված սադրանք»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *