Շուշիում է կերտվել հայոց պատմության ամենափառահեղ հաղթանակներից մեկը. Տիգրան Մատինյան

Ռազմինֆոն շարունակում է հետևել իր հեղինակային շարքի՝ «Հարցազրույցներ զորակոչիկների հետ» հերոսներին։ Մայիսի 9-ի կապակցությամբ Ռազմինֆոն հրապարակում է Տիգրան Մատինյանի նամակը: 

Տիգրան Մատինյան

Տիգրան Մատինյան

Երբ ինն ամիս առաջ առաջին անգամ մտա Շուշի, զարմանալի զգացողություն էր, կարծես իմ ծննդավայրում` Վանաձորում լինեի . նույնպիսի փոշոտ, նեղ փողոցներ, աննկարագրելի գեղեցիկ բնություն և անսովոր հանդարտություն: Սա առաջին տպավորությունն էր, որը ինձ ստիպեց սիրահարվել այս քաղաքին:

Եվ արդեն ինն ամիս է, ինչ պատիվ ունեմ հայրենիքի հանդեպ պարտքս կատարել Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Շուշիում: Այդ ամիսների ընթացքում Շուշին մեկընդմիշտ տեղ գտավ իմ սրտում` մեծ տառապանքների միջով անցած, բայց իր արժանապատվությունը բարձր պահած կնոջ կերպարով:

Ցանկացած զինվոր անհամբերությամբ է սպասում զորամասի տարածքից հերթական արձակմանը: Աննկարագրելի զգացմունք է, երբ տեսնում ես փոքրիկ երեխաների հիացական հայացքները` ուղղված դեպի քեզ, դեպի քո համազգեստը, իսկ մեծահասակների հայացքների մեջ հույսը` կապված հայ զինվորի հերթական սերնդի հետ: Ակամայից հիշում եմ, թե ինչպես էի ես ընդամենը մի քանի տարի առաջ հիացմունքով նայում Վանաձորի փողոցներով զբոսանքի ելած զինվորական շարասյանը:

Շուշին զարմանալի հմտությամբ է կարողանում անծանոթ հայացքներից թաքցնել դեռ ամբողջովին չսպիացած վերքերը: Այդ վերքերը երևում են, երբ քաղաքին ծանոթանում ես ավելի մոտիկից: Հերթական արձակման հնարավորությունն եմ ստացել և քայլում եմ Շուշիի փողոցներով:

Անհավատալի է, ընդամենը երկու տասնամյակ առաջ հենց այս նեղ , փոշոտ և խաղաղությամբ լցված փողոցներում, որտեղ հիմա ազատորեն խաղում են երեխաները, կատաղի մարտեր են եղել: Այստեղով են փախել անակնկալ հարձակումից խուճապահար ադրբեջանցի զինվորները: Այստեղից է կրակ թափվել Ստեփանակերտի վրա: Ահա երևում է Ղազանչեցոց եկեղեցու բարձր գմբեթը, որի ներքո ադրբեջանցիները պահում էին իրենց զինամթերքի պաշարները: Այսօր նույն այդ գմբեթի տակ մարդիկ փնտրում ու գտնում են իրենց հոգու խաղաղությունը: Այո, հենց այստեղ` Շուշիում է կերտվել հայոց պատմության ամենափառահեղ հաղթանակներից մեկը:

Պատերազմը դեռ չի ավարտվել: Դրա վկայությունն են սահմանին հնչող ամենօրյա կրակոցները: Այդ մասին, իհարկե, գիտի Շուշին, գիտի յուրաքանչյուր շուշվեցի: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Շուշիի նեղ ու փոշոտ փողոցների խաղաղությունը, մարդկանց աչքերում վառվող հույսը: Պատասխանը գտնելու համար հեռու գնալ պետք չէ, այն գրված է համազգեստիս վրա` ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ:

Իսկապես, երկու տասնամյակ առաջ հենց հայկական բանակը թշնամուց ազատագրեց Շուշին ու Արցախը: Հենց բանակը տվեց մարդկանց այս հույսն ու խաղաղությունը: Եվ այսօր էլ սահմանին հնչող ամենօրյա կրակոցներն իր վրա է ընդունում և արժանի հակահարված տալիս հայոց բանակը: Հիմա արդեն հասկանում եմ, թե ինչով են պայմանավորված դեպի զինվորն ուղղված հիացական հայացքները: Դրանք իմ կերպարի միջոցով ուղղված են մեր բանակին:

Ինչպես Շուշին, այնպես էլ Արցախն ու ողջ Հայաստանը անցել են դաժան փորձությունների միջով և ունեն չսպիացած վերքեր, սակայն շարունակում են հայոց լեռների բարձունքից հպարտ հայացքով նայել աշխարհին: Իսկ այդ հայացքն ապահովողն, անշուշտ, հայոց բանակն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *