Ադրբեջանում՝ ճնշումների նոր ալիք հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցների վրա

Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների ձերբակալությունների նոր ալիք է  բարձրացել 2014-ի ապրիլի կեսերից ի վեր՝ «հայկական հատուկ ծառայությունների հետ կապերի» պատրվակով։ Ձերբակալվածների մեծ մասը կամ անմիջականորեն մասնակցել են հայ-ադրբեջանական համատեղ ծրագրերի, կամ էլ սատարել են դրանց անցկացմանը։

Ռաուֆ Միրկադիրով

Ռաուֆ Միրկադիրով

2014-ի ապրիլի 18-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկաններն առանց հիմնավորումների ձերբակալել են ադրբեջանական ռուսալեզու «Զերկալո» պարբերականի տեսաբան, լրագրող Ռաուֆ Միրկադիրովին, հաջորդ օրը նրան արտաքսել են Ադրբեջան։ Միրկադիրովին պահում են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մեկուսախցում, նրան մեղադրանքներ են ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով («պետական դավաճանության», մասնավորապես «լրտեսություն»): Նրան սպառնում է 9 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Միրկադիրովին կասկածում են 2008-ի ապրիլից Հայաստանի հատուկ ծառայություններին Հայաստանի,Վրաստանի ու Թուրքիայի տարածքում պարբերաբար պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ (օրինակ՝ ռազմական նշանակության օբյեկտների հատակագծեր) փոխանցելու համար:

Ընդգծվում է՝ Միրկադիրովը գաղտնի փաստաթղթերը հանձնել է հայկական «Ռեգիոն» ՀԿ տնօրեն Լաուրա Բաղդասարյանին: Վերջինս անհիմն է համարում ադրբեջանական կողմի մեղադրանքը՝ միաժամանակ հաստատելով, որ Միրկադիրովն ադրբեջանական «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» ու «Ռեգիոնի» կազմակերպած միջոցառումների ակտիվ մասնակիցներից էր։ Նշենք նաև, որ մեղադրող կողմը մինչ օրս Միրկադիրովի մեղքի փաստեր չի ներկայացրել։

Մայիսի 4-ին Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները խուզարկել են Անկարայում Միրկադիրովի կնոջ բնակարանը։

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները՝ Human Rights Watch, Freedom House, Reporters without borders, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը դատապարտել են Միրկադիրովի ձերբակալությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն սույն քննադատությունները որակում է «քաղաքական միջամտություն»։

2014-ի ապրիլի 25-ին ադրբեջանական «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտն» ու «Ռեգիոն» կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ կոչ են արել ազատ արձակել Միրկադիրովին։ Դրան հետևել է ապրիլի 28-ին նույն «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու, քաղաքագետ Արիֆ Յունուսովի ձերբակալությունը Բաքվի օդանավակայանում, որտեղից նրանք պատրաստվում էին Փարիզ թռչել՝ ԵՄ-ի հրավերով միջոցառմանը մասնակցելու։ Սակայն ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության՝ ամուսիններին ոչ թե ձերբակալել, այլ ուղեկցել են քրեական գործի շրջանակներում ցուցմունքներ տալու (Ըստ Յունուսի՝ խոսքը Միրկադիրովի գործի մասին է)։

Լեյլա Յունուս

Լեյլա Յունուս

Ադրբեջանի դատախազության ծանր հանցագործությունների գծով վարչությունում Յունուսին հարցաքննել են 9 ժամ, իսկ իր ամուսինը հոսպիտալացվել է։ Բացի այդ, խուզարկվել է նրանց բնակարանը և «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» գրասենյակը, առգրավվել են փաստաթղթեր և Արցախյան հակամարտությանը վերաբերող գրականություն։

Մայիսի 1-ին Յունուսը հայտարարել է՝ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել Ադրբեջան ժամանել ֆրանսիական  I-TeLe հեռուստաընկերության լրագրող Ելենա Վոլոշինային, քանի որ վերջինս պատրաստվում էր տեսանյութ պատրաստել Յունուսովների դեմ իրականացվող հետապնդումների վերաբերյալ։

Մայիսի 5-ին Յունուսը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին։ Լեյլա Յունուսի խոսքերով իրեն ազատ են արձակել, սակայն նպատակ ունեն փաստեր հավաքել ու ձերբակալել մայիսի 11-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կայանալիք այցից հետո։ Միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Յունուսովների նկատմամբ բռնաճնշումները։

Մեթանեթ Ազիզովա

Մեթանեթ Ազիզովա

Մայիսի 1-ին գլխավոր դատախազությունը Միրկադիրովի գործի շրջանակներում հարցաքննել էր նաև Ադրբեջանում Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մեթանեթ Ազիզովային, որի կենտրոնի գրասենյակը տեղակայված է «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» շենքում։ Ազիզովայի խոսքերով՝ իրեն ավելի շատ հարցեր են տվել ինստիտուտի գործունեության, քան թե Միրկադիրովի գործի վերաբերյալ։ Հարցաքննումից հետո Ազիզովան մեկնել է գործուղման, որն ավարտվելու է մայիսի 12-ին։ Այդ ընթացքում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության և գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկել են Ազիզովայի բնակարանը։ Մայիսի 6-ին Ազիզովայի ամուսնուն՝ Էլդար Ազիզովին, կանչել են դատախազություն՝ ցուցմունք տալու, ըստ երևույթին, կրկին Միրկադիրովի գործով։

Նշենք նաև, որ Ադրբեջանում այս պահին ընթանում են դատավարություններ ֆեյսբուքյան և քաղաքական ակտիվիստների գործերով, որոնք բազմիցս քննադատել են Ադրբեջանի իշխանություններին, և այժմ մեղադրվում են թմրանյութեր պահելու համար։

Քաղաքացիական համերաշխություն կուսակցության անդամ, 2014-ի հունվարի 24-ին ձերբակալված Օմար Մամեդովի դատավարությունը մեկնարկել է ապրիլի 30-ին։ Նա հայտնի է Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ երգիծագական տեքստերով և ծաղրանկարներով։

Թմրանյութերի օգտագործման և տարածման նույն մեղադրանքով դեռևս 2013-ի նոյեմբերին ձերբակալվել էր Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր Աբդուլ Աբիլովը։ Նա Ֆեյսբուքում Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններն ու կառավարությանը ծաղրող հայտնի խմբերի ստեղծողն էր։ Մայիսի 1-ին դատավարության ընթացքում ամբաստանյալը վկայեց՝ իր ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ և իրեն շարունակում են հետապնդել մինչ օրս։

Մայիսի 1-ին ելույթ է ունեցել նաև Bizim Yol, Moderator.az կայքերի, «Քաղաքացիների քաղաքացիական ու քաղաքական իրավունքների պաշտպանության» հասարակական միավորման ղեկավար Փարվիզ Հաշիմլիի փաստաբանը՝ հավաստիացնելով՝ դատավարությունն ընթանում է ոչ օբյեկտիվ, հարուցված քրեական գործն էլ կեղծ է։

Հաշիմլին մեղադրվում է Իրանի օգտին լրտեսություն կատարելու և Իրանից ներկրված զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի համար։ Նա պարբերաբար քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ու առանձին պաշտոնյաների՝ կաշառակերության և ընտրությունների կեղծման համար։ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը» նրան ճանաչել է քաղբանտարկյալ։

Հավելենք նաև, որ մայիսի 6-ին Բաքվի ծանր հանցանքների գծով դատարանն ադրբեջանական NIDA հասարակական շարժման երիտասարդ 8 անդամների դատապարտել է 6-8 տարվա ազատազրկման 2013-ի մարտի 10-ին դատարանի բնորոշմամբ՝ «անկարգություններ կազմակերպելու», իրականում՝ զինված ուժերում ոչ մարտական կորուստների մեծ քանակի դեմ ցույցին մասնակցելու համար։ Ամբաստանյալներին ի պաշտպանություն նույն ժամանակ փողոցում ցույց էր կազմակերպվել, որի մասնակիցների մի մասը, այդ թվում՝ NIDA-ի 15 անդամներ, ձերբակալվել էին։ Այսօր՝ մայիսի 7-ին, այդ 15 հոգին կկանգնեն դատարանի առաջ։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել էր «խղճի բանտարկյալ», և 2014-ի մայիսի 6-ի զեկույցում դատապարտել է երիտասարդների ազատազրկումը։

Այսպիսով, չնայած Ադրբեջանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարբերաբար հնչող հայտարարությունների, թե Ադրբեջանը հանդուրժողականության և ազատ խոսքի իրավունքի երկիր է՝ 2014-ի ապրիլից ի վեր Ադրբեջանի պատկան մարմինները որդեգրել են բռնաճնշումների բացահայտ կոշտ քաղաքականություն անգամ այն հասարակական ակտիվիստների նկատմամբ, որոնք ակտիվ են միջազգային նշանակության և հայ-ադրբեջանական երկխոսությանը միտված միջոցառումներում։ Ադրբեջանի վարչակազմն ավելի վաղ խուսափում էր նրանց նման բացահայտ կերպով ճնշելուց։ Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու միջազգային մի շարք այլ կառույցներ սույն անձանց ընկալում են որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման և Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհ հարթելու ուղղությամբ աշխատող գործիչների՝ նրանց ձերբակալությունները վնասում են Ադրբեջանի միջազգային իմիջին և հավելյալ լծակներ ստեղծում Արևմուտքի ձեռքում իշխանությունների վրա ներազդելու համար։ Նկատենք, որ հետապնդումներն ու ձերբակալությունները շարունակվելու միտում ունեն, և այդ դեպքում արդեն հայ-ադրբեջանական երկխոսության թեմային առնչվող միջոցառումները կարող են առհասարակ չկայանալ։

One response to “Ադրբեջանում՝ ճնշումների նոր ալիք հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցների վրա

  1. Pingback: Հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցների բռնաճնշումները՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների սրման պատճառ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *