Ուկրաինայի արևելքում Մի-8 ուղղաթիռ է պայթել. տեղեկություններն իրարամերժ են (վիդեո)

Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում Մի-8 ուղղաթիռ է վայր ընկել։ Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռին հակատանկային նռնականետից հարվածել են «ազգային ինքնապաշտպանական ուժերի մարտիկները», իսկ ուկրաինացիները պնդում են՝ ուղղաթիռի ուղղությամբ կրակ է բացել դիպուկահարը։

mi-8
Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»  առցանց պարբերականը, հղում տալով Վասիլիյ Կրուտովի խոսքերին, Կրամատորսկի օդանավակայանում կայանված ժամանակ դիպուկահարը կրակել է Մի-8-ի վառելիքի բաքին։

Ուկրաինայի ռազմաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոններից մեկի ղեկավար Դմիտրի Տիմչուկը մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է՝ նախնական տվյալներով ուղղաթիռը բոցավառվել է թռիչքի պատրաստվելու պահին, անձնակազմի ղեկավարին հաջողվել է անվնաս դուրս գալ ուղղաթիռից։ Որոշ ժամանակ անց Կրամատորսկի օդանավակայանի տնօրենը լրագրողներին մանրամասնել է՝ ուղղաթիռի հետ միասին պայթել է նաև Ան-2 ինքնաթիռը։

Իր հերթին, Kramatorsk.info լրատվակայքը տեղեկացնում է՝ միջադեպի վայրին մոտ բնակելի տներից մեկի բնակչի վկայությամբ՝ կրակել են մի քանի անգամ Պարկովի փողոցի բազմահարկ շենքի բնակարաններից մեկից։ Նույն շենքի բնակիչները հաստատել են տեղեկությունը՝ հավելելով՝ 3 անգամ կրակոցի ձայներ են լսվել, ապա զինվորական հանդերձանքով, սակայն առանց դիմակների, շենքից դուրս են եկել 6 հոգի, նստել ՈւԱԶ ավտոմեքենա ու հեռացել։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ օդակայանում պայթյուն է եղել, պայթել է Մի-8 ուղղաթիռ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան։ Դեպքի վայրում հետաքննություն է անցկացնում հատուկ կազմած հանձնաժողովը։

Հայտնի է, որ Ուկրաինայի «ինքնապաշտպանական ուժերն» արդեն մի քանի փորձ արել են այս օդանավակայանը գրավելու ուղղությամբ։ Բացի այդ, ըստ ուկրաինական աղբյուրների, Կրամատորսկի և Սլավյանսկի շրջաններում անհայտ անձինք մի քանի անգամ կրակ են բացել ու վնասել Ուկրաինայի զինուժին պատկանող ուղղաթիռներ և ինքնաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *