ՆԱՏՕ-ի 5 ռազմանավ մեկնել է Բալթիկ ծով՝ մասնակցելու զորավարժության

Ուկրաինական ճգնաժամին զուգընթաց, որը համարել ավարտված դեռևս չի կարելի, հոգեբանական ներազդման քայլեր են շարունակում անել ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Ղրիմում իրավիճակի սրումից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքը սկսեց ակտիվորեն հայտնել ու նաև իրականացնել ռազմական ներկայության ընդլայնում Արևելյան Եվրոպայի երկրներում։ Իսկ ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ական 5 ռազմանավ մեկնում է Բալթիկ ծովի ավազան՝ մասնակցելու զորավարժությունների։

Զորվարժություն՝ ՆԱՏՕ-ի ռազմանավերի մասնակցությամբ. 2013-ի հոկտեմբեր

Զորվարժություն՝ ՆԱՏՕ-ի ռազմանավերի մասնակցությամբ. 2013-ի հոկտեմբեր

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ռազմանավերի խմբի կազմում են 3 ականակիր, 1 ականազերծող ու 1 աջակցման նավ։ Նորվեգիային, Բելգիային, Նիդերլանդներին ու Էստոնիային պատկանող այս ռազմանավերն արդեն դուրս են եկել Գերմանիայի Քիլ նավահանգստից, իսկ զորավարժությունը, որում դրանք ներգրավվելու են, տևելու է մինչև մայիսի վերջ։

ՆԱՏՕ-ի՝ ռազմածովային գործողությունների հրամանատարության շտաբի պետ Արիան Մինդերհուդը տեղեկացրել է, որ զորավարժության որոշ փուլերի իրականացումը, ինչպիսիք են առաջին և երկրորդ աշխարհամարտերից մնացած ականների վնասազերծումը, նախատեսվում էր իրականացնել դեռ վաղուց, սակայն այդուհանդերձ, զորավարժությունը ցույց կտա բոլորին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տրամադրված է վճռական։ Թե ինչին է վերաբերում այդ վճռականությունը՝ պարզ չէ։

Իր հերթին ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարական կազմի անդամ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիփ Բրիդլովը հայտնել է, որ ռազմանավերի տվյալ խումբն ընդգրկված է օպերատիվ արձագանքման ուժերի կազմում, սակայն վերջին շրջանում այն ներգրավված չի եղել որևէ գործողություններում։ Իսկ ստեղծված իրավիճակի գնահատումից հետո որոշվել է, որ խումբը պետք է մասնակցի այս զորավարժությանը։

Հիշեցնենք՝ 2014-ի ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը Բրյուսելում հավանության արժանացրեց գործողությունների փաթեթ, որն ուղղված է Արևելյան Եվրոպայի երկրների անվտանգության ապահովմանը՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *