Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի փաստաբանը ձերբակալության վերաբերյալ մանրամասներ է հայտնել

Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը մարտի 11-ին Իլհամ Ալիևի հրամանագրով հեռացվել էր պաշտոնից:  Երեկ արդեն հայտնի էր դարձել, որ նրան ձերբակալել են։

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Շահին Սուլթանովի փաստաբան Ադամ Մամեդովն այսօր՝ ապրիլի 24-ին, մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքերով՝ Շահին Սուլթանովին տեղափոխել են Բաքվի ժամանակավոր արգելախուց։

Սուլթանովը կտրականապես հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչել, պնդում է, որ իրեն անհիմն ձերբակալել են ընդամենը մեկ վկայի ցուցմունքների համաձայն։ Վկայի ինքնությունը չի հաղորդվում։ Փաստաբանը հավաստիացրել է, որ Շահին Սուլթանովը, լինելով ռազմածովային ուժերի հրամանատար, չէր կարող ֆիզիկապես անձամբ կանխել այդ համակարգում ցանկացած կաշառակերության կամ փաստաթղթերի կեղծման դեպք, ուստի 2014-ի հունվարից մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների իրական մեղավորներին է պետք գտնել ու պատժել, «եթե Սուլթանովն ինքը գտներ նրանց, ապա անպայման կպատժեր»։

Փաստաբանը շեշտել է՝ իր պաշտպանյալի ժամանակավոր ազատազրկման առնչությամբ բողոքի հայտ է պատրաստել, առաջիկայում ներկայացնելու է դատարանին։

Հիշեցնենք, որ Սուլթանովին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի 313 (ծառայողականփաստաթղթերիկեղծում) և 179.3.2 (խոշորչափիգումարներիյուրացում) հոդվածներով։Սուլթանովը որպես կասկածյալ է հանդես գալիս արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Այնուհանդերձ, Սուլթանովի ձերբակալությունը սպասելի էր՝ հաշվի առնելով Ադրբեջանի ՌԾՈւ համակարգում սույն թվականի հունվարից մեկնարկած լայնամասշտաբ տեսչական ստուգումները (դրանց հետևանքով ձերբակալվել է 6 բարձրաստիճան զինվորական) և ձերբակալությունների ալիքը։

Այսպես, ապրիլի 21-ին ռազմածովային ուժերի արդեն նախկին սպա, 56-ամյա գնդապետ Հասըմ Գուլիևին ձերբակալել էին կաշառակերության մեղադրանքով։

Մարտի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հեռացվել էր նաև ՌԾՈւ հրամանատարի՝ մոտ 3 շաբաթ պաշտոնավարած պաշտոնակատարը՝ առանց նշելու հեռացման պատճառների և հանգամանքներների մասին։ Մի քանի օր անց Յունուս Մամեդովին ձերբակալել են։ Մամեդովը ՌԾՈւ-ում տեսչական ստուգումներից հետո ապրիլի 3-ին կանչվել է ռազմական ոստիկանություն, նրան մեղադրանքներ են առաջադրել խարդախության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Որպես խափանման միջոց սահմանվել է 3 ամիս ժամկետով կալանքը։

ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար է նշանակվել երկրորդ կարգի կապիտան Շահին Մամեդովը, որը ստանձնել է նաև ՌԾՈւ շտաբի պետի պարտավորությունները։

Նկատենք, որ դեռևս մարտի 6-ին հայտնի էր դարձել՝ 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովը «մաքրում է» ռազմածովային ուժերը նախկին նախարար Սաֆար Աբիևի մտերիմ բարձրաստիճան զինվորականներից:

Հարկ է նշել, որ նույն ինքը՝ Շահին Սուլթանովը ևս Սաֆար Աբիևի կադրերից էր համարվում: Նա ավարտել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի ակադեմիայի նավիգացիայի բաժինը, 1999-ին նշանակվել է ՌԾՈւ հրամանատար, 2002-ին նրան շնորհվել է կոնտրծովակալի, իսկ 2005-ին՝ փոխծովակալի կոչում: Նրան են վերագրում Ադրբեջանական ՌԾՈւ սերտ համագործակցության հաստատումը Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերի հետ:

Հավելենք նաև, որ ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ պետական գույքի յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար պատասխանատվության է ենթարկվել Շահին Սուլթանովի եղբայրը՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում աշխատող Էլչին Սուլթանովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *