«Բուլավա» միջմայրցամաքային հրթիռի «ոդիսականը»

«Բուլավա 30» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի՝ սեպտեմբերի 6-ին արձակման ձախողման պատճառ է հանդիսացել փողելքի պատրաստման ժամանակ տեխնոլոգիաների խախտումը: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին տեղակալ Իվան Խարչենկոյին։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք իր աշխատանքն ավարտել է ՌԴ ՊՆ հատուկ հանձնաժողովը։ Խարչենկոն իր հայտարարությունն արել է՝ հիմնվելով օպերատիվ հաշվետվությունների վրա։ Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ խոտանված նյութն օգտագործվել է նաև երեք միավոր «Բուլավա» հրթիռի սերիական խմբաքանակի համար։ Հենց այդ խմբաքանակից էլ եղել է սեպտեմբերին թռիչքը ձախողած հրթիռը։

Խարչենկոն նշել է նաև, որ սա ճակատագրական սխալ չէ, և հրթիռների հիմնական վերափոխության անհրաժեշտություն չկա։ Անհրաժեշտ է միայն վերացնել փողելքերի թերությունները։

Նշենք, որ մեկ ամիս առաջ պաշտոնապես պարզվել էին «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» միջմայրցամաքային հրթիռի անհաջող արձակման պատճառները։ Թեև դրանք հանրությանը չէին ներկայացվում, բայց թերությունները շտկելու համար աշխատանքներ էին տարվում։
Հավելենք, որ դեռ սեպտեմբերի սկզբին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դադարեցնել «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավերի պետական փորձարկումները։ Պատճառը Սպիտակ ծովում փորձարկումների ժամանակ «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» հրթիռի կրկին անհաջող արձակում էր։

Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց հրթիռի համակարգում ասնարքություններ են առաջացել։

Տեղեկացնենք, որ միջադեպից մի քանի օր անց ռուսական աղբյուրներում սկսվեց շրջանառվել, որ «Բուլավա-30» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ձախողման պատճառը շարժիչի քարշի վեկտորը փոփոխող համակարգի խափանումն է։

Հրթիռի վրա տելեմետրիկական սարքավորում տեղադրված չի եղել, քանի որ այն եղել է սերիական առաջին հրթիռներից։ Բացի այդ, փորձարկման նպատակը ավտոմատացված համակարգերի ստուգումն էր։

Հավելենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին են նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ։

«Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորությունը, ըստ ստեղծողների տվյալների, հասնում է ավելի քան 10 հազար կիլոմետրի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *