Իրանը բացել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետը

Իրանը նոյեմբերի 8-ից փակել էր Ջուղայի սահմանային հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարին՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Պատճառը սահմանին գրանցված միջադեպն էր։ Իննօրյա լարվածությունից հետո Բիլյասուվարի անցակետը բացվել է։

Իրան-Նախիջևան սահման

Իրան-Նախիջևան սահման

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress լրատվական գործակալությունը, Բիլյասուվարի անցակետը բացվել է, ներկա դրությամբ անցակետը հատել են ադրբեջանական 20 բեռնատարներ և ուղևորվել Նախիջևան։ Թե ինչ իրավիճակ է Ջուղայի անցակետում, չի հաղորդվում։

Պաշտոնական երկկողմ արձագանքներ ներկա դրությամբ չկան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Բիլյասուվարի մաքսային վարչության պետ Միրրաֆիգ Միրսուլթանովն ասել էր՝ հետիոտներին մասամբ թույլ են տալիս անցակետով դուրս գալ, սակայն ադրբեջանական տրանսպորտային միջոցների հերթ է գոյացել։

Համաձայն Ադրբեջանում Իրանի դեսպանի խոսքերի՝ Իրանի քայլի պատճառն այն էր, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն օրերս փակել էր Փոլդեշթ-Շահթահթի անցակետը։ Դա լուրջ խնդիրներ էր առաջ բերել իրանցի վարորդների ու քաղաքացիների համար։ Իրանը 2 օր բանակցել էր այն բացելու համար, բայց ապարդյուն։

Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Ջուղայի անցակետից ոչ հեռու միջադեպ էր գրանցվել։ Ընդ որում, երկու կողմերը միմյանցից տարբեր պատմություն են ներկայացնում։ Ադրբեջանը պնդում է, որ Նախիջևանի ադրբեջանցի տրակտորավարներից մեկն Արաքսի ափին՝ Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղին կից, հողային աշխատանքներ է կատարել։ Երկու զինծառայողներ կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Ադրբեջանի սահմանապահները, ժամանելով դեպքի վայր, պարզել են՝ կրակը բացվել է Իրանի կողմից։
Իրանական կողմը հաղորդում է, որ 2 իրանցի տրակտորավարներ աշխատանքներ էին կատարում սահմանին՝ չեզոք գոտում։ Նրանց ուղղությամբ կրակ է բացվել:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, այդ թվում՝ musavat.com-ը, ներկայացրել են միջադեպի իրանական վարկածը։
Նկատենք, որ Իրանի հետ սրված հարաբերությունների համատեքստում ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ներկայացնում են «ադրբեջանցի վիրավոր տրակտորավարի» ու վերջինիս հարազատների պատմությունները, ինչն ավելի է սրում Իրանի դեմ տրամադրությունները։

Իրանը հաճախ կիրառում է Նախիջևանի հետ սահմանի փակման հանգամանքը՝ որպես հավելյալ լծակ Ադրբեջանի դեմ։ Խնդիրն այն է, որ Նախիջևանը զրկված է Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունից: Ադրբեջանից Նախիջևան տանող միակ ճանապարհն օդային ուղին է, իսկ ցամաքային միակ ուղին անցնում է Իրանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *