Ավստրալիայի ԶՈւ 6 զինծառայող հեռացվել է անպարկեշտ տեսանյութեր տարածելու համար

Ավստրալիայի զինված ուժերից հեռացրել են 6 զինծառայողի, ովքեր իրենց անվանում էին «Ջեդայների խորհրդի ասպետներ» ու տարածում էին կանանց վիրավորող տեսանյութեր։ Ընդ որում, զինծառայողների շարքում կան մայորներ։ 

Ավստրալիայի զինված ուժերի պաշտոնական կայքի համաձայն՝ 6 զինծառայողներից 3-ը կասկածվում են անպարկեշտ տեսանյութեր տարածելու համար։ Բացի այդ, իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել 11 այլ զինծառայողների նկատմամբ։ Քննարկվում է նրանցից 7-ին հեռացնելու հարցը։ Մյուս 4-ին վարչական տուգանքներ են սպասվում։

Նշենք նաև, որ Ավստրալիայի ՊՆ-ն ներքին հետաքննություն է իրականացնում 127 զինծառայողների նկատմամբ, որոնք տարածել են կանանց արժանապատվությունը ստորացնող տեսանյութեր։

Հիշեցնենք, որ «Ջեդայների խորհրդի ասպետներ» խմբի մասին հայտնի է դարձել 2013-ի ամռանը։ Խմբի 17 անդամներ համացանցում միմյանց էին փոխանցում գարեջրատներում հանդիպած աղջիկների հետ սեռական կապը ներկայացնող սիրողական տեսանյութեր։ Աղջիկներին նախապես չէին տեղեկացրել, որ այդ ամենը նկարահանվում է։ Ինչպես հաղորդում է  The Australian թերթը, տեսանյութերին խմբի անդամները կցում էին խիստ վիրավորական գրություններ, ապա տարածում դրանք իրենց ռեսուրսներով, այդ թվում՝ ՊՆ-ի ներքին ցանցում։

Հավելենք, որ ընթացիկ տարվա կտրվածքով Ավստրալիայի ԶՈւ-ից հեռացվել են մոտ 120 զինծառայողներ՝ անպատշաճ վարքի, արգելված նյութերի օգտագործման և այլ հանցանքների պատճառով։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *