Յուրաքանչյուր մարտ մի քանի րոպեում ես հաղթում. Արագած Մկրտչյան

1993 թվականի օգոստոսի 22-ին հայկական կողմը ազատագրում է Ֆիզուլին: Ազատագրման 20 ամյակի առիթով Ռազմինֆոն զրուցել է Ֆիզուլիի ազատագրմանը մասնակցած Արագած Մուրադի Մկրտչյանի հետ: Ազատամարտիկը Թալինից է: Ծնվել է 1960 թվականին:

Արագած Մկրտչյան

Արագած Մկրտչյան

Ձեզ Բոնդո են դիմում, ո՞վ է այդպես կոչել:

Իմ տատն է ինձ կոչել Բոնդո, փոքր ժամանակ թմբլիկ եմ եղել, այդպես սկսել են կոչել ևԲոնդո էլ մնացել է:

Ինչպե՞ս գնացիք պատերազմ, քանի՞ տարեկան էիք:

1988 թվականի սկզբում աշխատում էի Ռուսաստանում: Հետո, երբ շարժումը սկսվեց, Ռուսաստանի ճանապարհը մոռացա: Ռուսական տարբեր զորամասերից զենք էինք գողանում, որ զինվենք: Առաջին անգամ մտանք Տավուշի Բերքաբեր (Ջողազ) գյուղը: Եթե մենք նոր միայն հրացան ունեինք, թուրքն արդեն թնդանոթ էր բերում: Այդ ժամանակ մի ռուս գնդապետ ուղղաթիռով եկավ Ջողազ, նռնակները ձեռքներս կանգնեցինք, ասացինք, որ կպայթեցնենք: Ասաց` շնորհակալություն, որ զգուշացրիք, հաղթանակը ձերն է: Թողեցին գնացին այդտեղից:

Ձեր առաջին մարտը կհիշե՞ք:

– Հենց առաջին մարտը Բերքաբերում էր: Նոյեմբերյանում էլ պաշտպանությանն ենք մասնակցել, բայց դա պատերազմ չի եղել: Այն ժամանակ Մանվել անունով գյուղապետ ունեին, հենց ինքն էլ հրամանատարն էր: Գնացինք, հենց առաջին օրը թուրքերը նրա տղային սպանել էին լճի ափին: Ինքն էլ պատերազմում զոհվեց:

Ձեզ հետ ովքե՞ր կային:

Մեր գյուղի Ժիրայր Սարգսյանը, Հրայր Սարգսյանը, Արազը, Ասլո Արայիկը, Մանվելն է եղել քարակերտցի, Ապրամ Տոնոյանը և էլի շատերը: Մարտ ամսին գնացել եմ Ղարաբաղ, դեռ Շուշին ազատագրված չէր: Շուշիի գնդացրորդն եմ եղել` Զառիսլու-Լիսագոր հատվածում:

Ո՞վ է պատերազմի ժամանակ Ձեզ ուղղորդել, խորհուրդ տվել:

Մենք կամավոր էինք. ավելի շատ դեմ էին, որ մենք գնանք պատերազմ: Օրինակ ես` տնից փախել եմ, երկու երեխա ունեի, բայց թողեցի գնացի պատերազմ: Դա անբացատրելի է: Իմ պապն էլ Անդրանիկի զինվորն է եղել` Մնո Առաքելը, նրան Հեքիմ են ասել: Նրա ոգին, վրիժառությունը կա: Մշո Աներ գյուղից է պապս փախել: Դեռ այնտեղ էլ պիտի պարենք:

Ձեր ջոկատում քանի՞ հոգի է եղել:

120 հոգի կռվող տղա էինք: Տարբեր տարիներին ջոկատի հրամանատարներն են եղել Սարգիս Կարապետյանը, Մկրտիչ Ղազարյանը, Վարդգես Մխիթարյանը նրա տեղակալ, մենք էլ դասակի հրամանատարներ:

Ո՞ր կռիվներին եք մասնակցել:

Իջևանից հետո գնացինք Երասխ, հետո` Շուշի: Արցախի Մարտունու գյուղերում տեղավորվել ենք, ազատագրել, եկել ենք Սղնաղ, հետո արդեն մասնակցել ենք Շուշիի ազատագրմանը: 1992 թվականի մայիսի 4-ին պիտի լիներ հարձակումը, բայց ծնկաչափ ձյուն եկավ և մի քանի օր հետաձգվեց:

Ո՞վքեր են եղել Ձեր հրամանատարները:

Ժիրայր Սեֆիլյանը և Պետրոս Ղևոնդյանը` Պետոն: Երկուսն էլ լավ հրամանատարներ են եղել` գիշեր-ցերեկ առաջնագծում: Մի օր չտեսանք, որ իրենք հետ կանգնեին, ա’յ, նահանջելուց կարող է վերջինը լինեին:

—1993 թվական օգոստոսի 22: Հայկական ուժերը վերցնում են Ֆիզուլին, հետո Ջեբրայիլը, օգոստոսի 31-ին` Կուբաթլուն: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել, ովքե՞ր էին պլանը մշակել, ի՞նչ ուղղություններով եք հարձակվել:

Ֆիզուլու ճակատային հատվածի հրամանատարը Արթուր Աղաբեկյանն էր: Մանիքլուն, Փափրավենդը ազատագրելուց հետո մեր գումարտակը տեղափոխեցին Ֆիզուլի, որովհետև գորշ գայլերն էին այնտեղ հավաքվել:

Սիփան-1 դիրքերը իմն էր, երկրորդը` Մկրտիչ Ղազարյանինը, երրորդը` Պողոս Խամոյանինը, չորրորդը` Սարգիս Կարապետյանինը: Մեր մի կողմում Լյովա Մնացականյանն էր, մյուս կողմում էլ` Սեյրան Օհանյանը: Իմ դասակը մոտ 30-40 հոգի կլիներ: Մենք դիրքերը վերցնում էինք, պահում էինք, առաջ գնում: Օպերացիան մշակել են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը:

Առաջին մարտը վաղ առավոտյան էր: Առավոտյան արդեն պարզ էր, թե ում «մերն է տղա բերել»: Մենք կռվել ենք զորքը զորքի դեմ, գերիներին ձեռք չէինք տալիս:

Յուրաքանչյուր մարտ մի քանի րոպեում ես հաղթում. հետո կամ դիմադրում ես, կամ պաշտպանում ազատագրածդ։

Մոտավորապես ինչքա՞ն էին ադրբեջանցիները Ֆիզուլիում:

Շատ-շատ: Օրինակ Զառիսլուից փախած թուրքերը նորից վերադասավորվել էին, որ գան հետ վերցնեն։ Լաչինում իրենց դիմաց դուրս եկանք Թալինի մեր ջոկատով: Լավ ջարդեցինք:

Իսկ հայկական կողմն ինչքա՞ն կլիներ:

Ֆիզուլիում մենք` մեր ուղղությունը, մոտ 300 հոգի էր: Առհասարակ, երբ պատերազմը նոր սկսվեց, դիրքերում մի 15-20 հոգի էին, հետո մերոնք հարձակվում էին, թուրքերն էին փախչում, հետո մենք էին հարձակվում` իրենք: Անհասկանալի պատերազմ էր:

Այդ շրջաններում ասում են մոջահեդներ են կռվել Ադրբեջանի կողմից: Դուք իրենց դեմ կռվե՞լ եք:

Հա, բա ոնց չկային: Ես կռվել եմ իրենց դեմ:

Բացի մոջահեդներից է՞լ ինչ ազգության վարձկաններ են կռվել ադրբեջանցիների կողմից:

Թուրքիայի թուրքեր կային, չեչեններ, Աֆղանստանից, ուկրաինացիներ էլ կային:

Շատ անծանոթ զենքեր կայի՞ն:

Չէ: Մի երկու անգամ հրթիռ են կրակել ու վերջ:

Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա բանակի մարտական պատրաստությունը:

Շատ լավ է` դիրքերի մաքրությունը, պատրաստությունը: Մեր բանակի որակը սպաներին վատ վերաբերվելով են գցում: Վերևից նեղում են, ծնողները նեղում են: Ձեր երեխաներին դաստիարակեք, նոր ուղարկեք բանակ:

Ի՞նչը կփոխեիք բանակում:

Ոչ մի բան: Բայց մի բան կասեմ, որ մեր հայ աղջիկները շուտ ամուսնանան ու մեր ազգին երեխաներ պարգևեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *