Հարավային Կորեայի կործանիչների մրցույթին միայն «Բոինգը» մնաց

Ամերիկյան Boeing ավիաշինական գործարանը դարձել է Հարավային Կորեային 60 նոր բազմաֆունկցիոնալ կործանիչների տրամադրման տենդերի միակ մասնակիցը:

F-15-SilentEagle

F-15-SilentEagle

Համաձայն «Ջեյնս» վերլուծական պարբերականի տվյալների՝ ընկերությունը հարավկորեացի զինվորականներին առաջարկում է F-15 Silent Eagle կործանիչը:

Նշենք, որ օգոստոսի 18-ին մրցույթից դուրս էր մնացել իր Typhoon կործանիչն առաջարկող եվրոպական Eurofighter կոնցերնը:

Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը (DAPA) պարզաբանել է, որ Eurofighter-ի ներկայացրած մրցութային փաստաթղթերում սխալներ էին հայտնաբերվել:

Տենդերի հաղթողի անունը կհայտարարվի թերևս 2013-ի սեպտեմբերի կեսին, սակայն դա ձևական բնույթ է կրում, քանի որ միակ մասնակիցը, ինչպես տեսանք, Boeing ընկերությունն է:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի կեսին հայտնի էր՝ Հարավային Կորեայի՝ կործանիչների տրամադրման մրցույթի եզրափակիչ փուլում են Boeing և Eurofighter ընկերությունները: Lockheed Martin-ը դուրս էր մնացել մրցույթից, քանի որ առաջարկում էր Հարավային Կորեայի համար ոչ մատչելի, շուրջ 153 մլն ամերիկյան դոլար արժողությամբ F-35 Lightning II կործանիչը:

Boeing-ի առաջարկած F-15 Silent Eagle կործանիչը 70-ականներին ստեղծված F-15-ի խորապես կատարելագործված տարբերակն է։ F-15 Silent Eagle-ը 4++ սերնդի կործանիչ է, իսկ նրա մոտավոր արժեքը 100 մլն ամերիկյան դոլար է։ Boeing-ը հարավկորեական կողմին խոստանում է պայմանագիր կնքելու դեպքում համագործակցել նաև տեղի՝ պահեստամասեր արտադրող ընկերությունների հետ։ Այս համագործակցությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար:

Հավելենք, որ F-15 Silent Eagle-ի առավելագույնարագությունը 2655 կմ/ժ է, մարտական բեռնվածությունը՝ 13 հազար կգ, անձնակազմը՝ 2 մարդ, թևի բացվածքը՝ 13,05 մ, զինված է 20 մմ տրամաչափի M16 Vulcan ավիացիոն թնդանոթով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *